Փաշինյան․ ՔՊ–ն կունենա խորհրդարանական մեծամասնություն և կձևավորի կառավարություն

Փաշինյան․ ՔՊ–ն կունենա խորհրդարանական մեծամասնություն և կձևավորի կառավարություն

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա Ազգային ժողովում մեծամասնություն և նաև կձևավորի կառավարություն։ Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Ազգային ժողովում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում։

«Հունիսի 7–ին հայ ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանն ու անկախությունը, խաղաղությանը։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է»,– հայտարարել է Փաշինյանը, գրում է Sputnik Արմենիան:

Նա շնորհավորել է ՔՊ-ին հաղթանակի և գրանցված արդյունքի առթիվ։

Նա հավելել է, որ քաղաքացիներն իրենց քվեարկությամբ պաշտպանել են պետությունը, անկախությունը, ապագան, խաղաղությունն ու Հայաստանի Հանրապետությունը, հայտնում է 1lurer.am-ը:

«Պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է: Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ՝ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, և, իհարկե, սա է լինելու քաղաքական մեծամասնության և Կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք՝ առանց հետաձգումների և շատ վճռական ու հատուկ քայլերով:

Ուզում եմ նաև շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ արձանագրած արդյունքի և հաղթանակի առիթով, «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաև կձևավորի Կառավարություն: Առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասել է նա:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 ընտրատեղամասերի նախնական տվյալները, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է ընտրողների ձայների 49,81%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,29%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 9,94%-ը, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 4%-ը։

 Ուշագրավ
---