Թաթոյան․ Փաշինյանի «միանձնյա հաղթանակի» մասին խոսքերը համարում ենք ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն

Թաթոյան․ Փաշինյանի «միանձնյա հաղթանակի» մասին խոսքերը համարում ենք ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «ՔՊ-ն միանձնյա ձևավորում է կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները», հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

Փաշինյանն այդ մասին հայտարարել է հունիսի լույս 8-ի գիշերն իր նախընտրական շտաբում:

«Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ: Ավելին, Երևանի ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքները չկան մինչև հիմա: Բոլոր թարմացումներն անկանոն են փոխվում, անհասկանալի է՝ ինչ հաճախականությամբ: Ավելին, թվերը պարբերաբար նվազում ու ավելանում են:

Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»,-ասվում է հայտարարության մեջ:

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն: Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» - 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք- 28 մանդատ, «Հայաստան» դաշինք – 11 մանդատ, ԲՀԿ – 5 մանդատ։

 Ուշագրավ
---