ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» ձերբակալված Սահակյանին![]() 8 հունիսի 2026 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ, այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՌԴ-ից ՀՀ ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկությունից հետո երկիրը շուտափույթ լքելու մտադրության մասին: ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ փաստաբանի ահազանգից հետո պարզվել է՝ Սահակյանը քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ձերբակալվածների պահման վայր, որտեղ նրա հետ անցկացվել է առանձնազրույց։ Հունիսի 8-ի վաղ առավոտյան, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՁՊՎ, առանձնազրույց ունեցել Հովհաննես Սահակյանի հետ և քննարկել նրա կողմից բարձրացված հարցերը։ Առանձին հարցեր տեղում լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջամտության արդյունքում։ «Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգի, իրավունքներին առնչվող հարցերի հետ կապված ձեռք բերված տվյալները ներկայում ամփոփվում են: Գործի հանգամանքների և անձի իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմնից։ Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրությունում։ Քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն, Հովհաննես Սահակյանը, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Ավելի վաղ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Հովհաննես Սահակյանը, որը Ռուսաստանից Հայաստան էր ժամանել ընտրություններին մասնակցելու նպատակով, հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ և քվեարկության օրն իսկ վերադառնալու է Ռուսաստան, որպեսզի ինքն ու ընտանիքը բարդությունների առաջ չկանգնեն Հայաստանում իրավիճակի հնարավոր լարվածության պատճառով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |