Ծառուկյանը Հանրայինից 6 մլն դրամ է պահանջում՝ մայիսի 24-ի ռեպորտաժի համար![]() 8 հունիսի 2026 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և այդ ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայցադիմում են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ մայիսի 24-ին հրապարակված ռեպորտաժի համար։ Նշված հրապարակումն ունեցել է մոտ 49 հազար դիտում, հայտնում է Factor.am-ը: Բացի հրապարակված տեղեկությունները հերքելու պահանջից, Գագիկ Ծառուկյանը Հանրային հեռուստաընկերությունից պահանջում է նաև 6 միլիոն դրամի չափով փոխհատուցում։ Հայցվորների պնդմամբ՝ «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերնագրով նյութում և տեսանյութում Գագիկ Ծառուկյանի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ «Տեսանյութը կազմվել և տեղեկատվությունը ներկայացնում է միակողմանի, ռեպորտաժը պատրաստելիս «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերությունը տեղեկատվությունը չի ներկայացրել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու Տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։ Մասնավորապես իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ, կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ, նշված բոլոր թեզիսները և պնդումները սխալ են։ Տեսանյութը ներկայացվել է տեսանյութի հրապարակման պահին իշխող քաղաքական ուժի օրակարգին համահունչ՝ այն ծառայեցնելով վերջիններիս շահին և ընտրություններում այլ թեկնածուների նկատմամբ առավելություն ձեռք բերելուն»,-նշվում է հայցադիմումի մեջ։ Գործը հունիսի 5-ին մակագրվել է դատավոր Գուրգեն Քոթանջյանին։ Վիճարկվող ռեպորտաժում, մասնավորապես, նշվում է․ «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան ջրերը թեպետ միշտ չէ, որ նույն առվով են հոսել, սակայն քիչ չեն եղել նաև մերձեցման պահերը: 2008-ի մարտի 1-ի դեպքերից 20 օր անց քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին Հանրապետականը, Բարգավաճը, Դաշնակցությունն ու ՕԵԿ-ը։ Ծառուկյանի համար դժվար ժամանակները սկսեցին 2012-ից՝ Սարգսյանի հետ առճակատումից հետո: Նա քաղաքական փակված էջը կրկին բացեց 2017-ի խորհրդարանի ընտրությանը, և արդեն 2020-ին մեղադրվում էր ընտրակաշառքի համար»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |