Հայաստանի շնորհապետական կուսակցությունն ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում

Հայաստանի շնորհապետական կուսակցությունն ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում

PanARMENIAN.Net - Հայաստանի շնորհապետական կուսակցությունն ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը:

«Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ և բացում ենք մեզ համար քաղաքական պայքարի բոլոր հնարավոր դռները՝ ժողովրդի իշխանությունը ապահովելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետական և Սահմանադրական հիմքերը պաշտպանելու համար»,-նշել է նա:

Սիմոնյանը նաև շնորհակալություն է հայտնել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությանը ձայն տված քաղաքացիներին՝ արձանագրված արդյունքը գնահատելով որպես նշանակալի ձեռքբերում մեկամյա քաղաքական ուժի համար։

«Ավաղ մեզանից խլեցին ևս մի քանի տարի՝ վերարտադրելով և ձևավորելով նախկին խորհրդարանի ճիշտ համանմանությունը, հնարավորություն չընձեռելով արևմտամետ ուժի ներկայացված լինել խորհրդարանում։ Աստված տա, որ մեզանից խլած լինեն միայն ժամանակ, ո՛չ թե ինքնություն, ո՛չ թե հայրենիք կամ ազատություն, ինչի համար գործի դրեցին նախկին մեռնող քաղաքական համակարգի ողջ մասնավոր և վարչական լծակները՝ պարուրված ծածուկ թրքառուսամետների շարասյունով և հմտորեն քողարկված բոլոր տրամաչափի սպասարկու բլոգերներով, վայ-վերլուծաբաններով՝ ջանք ու եռանդ չխնայելով, որ ինձ կապեն նախկիններին, ներկաներին, նրանց արբանյակ ուժերին, Ռուսաստանին, այլ երկրներին և գրանտալափ ոհմակներին։

․․․․Նկատենք, որ ի հեճուկս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրության արևմտամետ ակնկալիքների, 9-րդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված են լինելու բացառապես ռուսամետ քաղաքական ուժերը, ներառյալ կոմպլեմենտարիզմը դրոշակ դարձրած, մինչ ընտրական արդյունքների ամփոփումը հաղթանակ տոնած ուժը։ Մեզ սպասվում է դժվարին ուղի։ Միացե՛ք, հարգելիներ, միասին ուժեղանանք, համալրվենք և ամրանանք։

Մնացե՛ք ոգով, մնացե՛ք ամուր, ժամանակի փորձությունների առաջ Արարատ լեռան նման հաստատ․մեր պայքարը նոր է սկսվում, սիրելիներ։ Ամեն ինչ դեռ առջևում է»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։

 Ուշագրավ
---