ՍԱՏՄ-ն կոչ է արել խստորեն վերահսկել մանկապարտեզներում սննդի կազմակերպումը![]() 16 հունիսի 2026 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Մանկապարտեզներում սննդի կազմակերպումը պետք է իրականացվի գործող սանիտարահիգիենիկ և սննդային անվտանգության նորմերին լիարժեք համապատասխան, հայտնում է Սննդամթերիք անվտանգության տեսչական մարմինը: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը պետք է իրականացվի ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ երեխաների անվտանգ և առողջ սնուցումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է՝ ապահովել տարիքային խմբերին համապատասխան հավասարակշռված և բազմազան սննդակարգ, կազմել և կիրառել սահմանված պահանջներին համապատասխան ճաշացանկ, օգտագործել միայն անվտանգ, մակնշված, ծագումն ու համապատասխանությունը հավաստող փաստաթղթերով ուղեկցվող սննդամթերք, պահպանել սննդամթերքի ընդունման, պահպանման, պատրաստման և մատուցման համար սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, ապահովել սննդամթերքի հետագծելիությունը և համապատասխան փաստաթղթերի վարումը, պահպանել սառնարանային և ջերմային ռեժիմները, ապահովել սննդաբլոկի, պահեստների, սարքավորումների և գույքի պատշաճ սանիտարական վիճակը, ապահովել աշխատակիցների կողմից անձնական հիգիենայի կանոնների պահպանումը։ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքի պատրաստման գործընթացներում պետք է ներդրված և կիրառելի լինեն Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը, որոնք ներառում են սննդի պատրաստման գործընթացների անվտանգության գնահատումը, աղտոտման ռիսկերի կանխարգելումը, վերահսկելի փուլերի սահմանումը, մշտադիտարկումը, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի նկատմամբ հսկողությունը, արտադրական հսկողության արդյունքների գրանցումը, ինչպես նաև մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը։ ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված հանրային առողջապահական նորմատիվի պահանջներին համապատասխան՝ սննդի պատրաստման համար օգտագործվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման (թիվ 5 վկայական), իսկ նախադպրոցական ուսումնական հաստատություններ մատակարարվի բացառապես պաղեցված վիճակում՝ ապահովելով տեղափոխման և պահպանման ամբողջ ընթացքում ջերմաստիճանային շղթայի խիստ պահպանումը։ Նշված պահանջը պարտադիր է նաև մատակարարների հետ կնքվող պայմանագրերում ամրագրելու համար՝ ներառելով մսի պաղեցված մատակարարման, հետագծելիության, համապատասխանության և անվտանգության վերաբերյալ ուղեկցող փաստաթղթերի ներկայացման պայմանները։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին և պատասխանատու անձանց պարբերաբար վերանայել սննդի կազմակերպման գործընթացները և ապահովել գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |