Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման նոր մոդել է առաջարկվում![]() 17 հունիսի 2026 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել մի շարք առանցքային փոփոխություններ ներառող օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ներդնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ավելի ճկուն համակարգ։ ԱԺ հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մկրտչյանի ներկայացմամբ՝ առաջարկվել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) դասակարգմամբ բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ՝ պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի ներդրումը, ինչը թույլ կտա ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, հայտնում է 1lurer.am-ը: Նախագծով նախատեսվում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ավելի ակտիվ ներգրավում պահպանվող տարածքների կառավարման գործընթացներում։ Ըստ փոխնախարարի՝ սահմանվել է բնության հուշարձանների և դրանց հարակից տարածքների ներդրումային միջավայրի բարելավման հստակ գործիքակազմ, որի միջոցով մրցութային կարգով ինչպես համայնքները, այնպես էլ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան իրականացնել բնության հուշարձանների կառավարում։ Նախաձեռնությամբ ամրագրվել է նաև, որ բնության հատուկ պահպանվող տարածքները կառուցապատման իրավունքով կտրամադրվեն բացառապես ներդրումային ծրագրերի իրականացման նպատակներով։ Օրենքների փաթեթի ընդունմամբ կհստակեցվեն նաև բուսաբանական այգիների, դենդրոպարկերի և անտառպարկերի ստեղծման, կառավարման և կանոնադրական կարգավորման իրավական հիմքերը։ Ակնկալվում է, որ դա կնպաստի դրանց պահպանության, օգտագործման և գործառնական կառավարման առավել միասնական ու կանխատեսելի համակարգի ձևավորմանը։ Նախագծերի փաթեթի վերաբերյալ դրական եզրակացությունը ներկայացրել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը՝ կոչ անելով պատգամավորներին կողմ քվեարկել նախաձեռնությանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |