ԲՀԿ-ն կդիմի ՍԴ, պահանջում է վերաքվեարկություն 3 ընտրատեղամասում![]() 18 հունիսի 2026 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն դիմելու է Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերաքվեարկություն անցկացնել 3 ընտրատեղամասում և վիճարկելով ԿԸՀ-ի համապատասխան որոշումները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով… Քանի որ բազմաթիվ հարցեր են հնչում այն մասին, թե ինչ փուլում է գտնվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իրականացվող իրավական գործընթացը, ցանկանում եմ տեղեկացնել հետևյալի մասին։ Հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակնհայտորեն հավաքել է անհրաժեշտ քանակի ձայներ և հաղթահարել Ազգային ժողով անցնելու համար սահմանված անցողիկ շեմը։ Սակայն դրանից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ապօրինի որոշմամբ անվավեր ճանաչեց երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արհեստականորեն զրկվեց խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։ Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, խախտելով օրենքի պահանջները, չիրականացրեց վերաքվեարկություն այդ տեղամասերում՝ երկրորդ անգամ ոտնահարելով օրենքի գերակայության սկզբունքը և քաղաքացիների ընտրական իրավունքները։ Մենք բազմիցս նշել ենք և այսօր ևս վերահաստատում ենք, որ սա որևէ կերպ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերի պաշտպանության հարց չէ։ Սա պայքար է արդարության վերականգնման համար։ Այդ երեք ընտրատեղամասերում պետք է անցկացվի վերաքվեարկություն, որպեսզի քաղաքացիների կամարտահայտությունն ամբողջությամբ իրացվի, և յուրաքանչյուր քվե ստանա իր իրավական նշանակությունը։ Անընդունելի է, երբ ավելի քան 3000 մեր հայրենակիցներ զրկվում են իրենց ընտրելու իրավունքից։ Ընտրողն է որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է ներկայացված լինեն Ազգային ժողովում, և որևէ վարչական կամ քաղաքական որոշում չի կարող փոխարինել ժողովրդի կամքին։ Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով…»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական գործիքներն ու ընթացակարգերը՝ ընտրողների խախտված իրավունքները վերականգնելու համար։ «Վերահաստատում ենք, որ արդարության վերականգնման համար մղվող այս պայքարում մենք շարունակելու ենք գործել հետևողական, սկզբունքային և բացառապես իրավական ճանապարհով՝ չշեղվելով մեր որդեգրած ուղուց։ Արդարությունը պետք է վերականգնվի, իսկ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը՝ հարգվի։ Սա միայն ԲՀԿ-ի հարցը չէ, այլ արդարության ու օրինականության համար տարվող պայքար»,- գրել է Տոնոյանը: Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |