Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից

Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել պաշտոնից: Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ:

Նա մասնակցելու է Աշխարհի Մ-20 տարեկանների առաջնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:

«Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելու և ավարտելու եմ գործունեությունս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում: Այս ընթացքում, սակայն, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք որոշակի շտկումներ մտցրին որոշմանս մեջ:

Նախ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության խմբային փուլին, ինչն աննախադեպ արդյունք էր հայկական սպորտի համար: Այն հպարտությունը, որ մեր երկիրը վերջապես եվրոպական առաջատարների հետ նույն շարքում է, ինչպես նաև այդ օրերին ապրածս հուզմունքն ու էմոցիաները, մաղթում եմ բոլոր մարզասերներին:

Ապա տեղի ունեցավ էլ ավելի կարևոր ու շատերի համար անհավանական մի իրադարձություն. մեր երկիրը Վրաստանի հետ համատեղ իրավունք ստացավ կազմակերպելու նշանակությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն մրցաշարը՝ 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնությունը: Մեծ հաշվով՝ չէի էլ երազում, որ պաշտոնավարմանս ընթացքում անմիջական մասնակցություն կունենամ ոչ վաղ անցյալում անհասանելի թվացող նման միջոցառումներին: Բայց հիմա սա իրողություն է, պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Հետևաբար հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին»,-ասվում է հայտարարության մեջ:

Արմեն Նիկողոսյանը զբաղեցնում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը 2018 թվականից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---