Վարդանյանը՝ Կարապետյանի կոչի մասին․ Կան առողջ քննարկումներ![]() 19 հունիսի 2026 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ուժերի շրջանում հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները առաջիկայում կդրսևորվեն, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կոչին, հայտնում է Sputnik Արմենիան: Կարապետյանը կոչ է արել ընդդիմադիր բոլոր ուժերին համախմբվել, ձևավորել միասնական խորհուրդ և կազմակերպել հանրահավաք, որը նա առաջարկել է անվանել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։ Վարդանյանի խոսքով՝ հենց իրենց քաղաքական ուժն է նախընտրական շրջանում ևս շեշտադրել համագործակցության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը հնարավոր չէ հաղթահարել միայն մեկ ուժի կամ մեկ անձի ջանքերով։ «Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու հռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունն ու գնա այդ ճանապարհով»,– ընդգծել է նա։ Պատգամավորը նշել է, որ այս փուլում չի կարող ավելի մանրամասն խոսել կոնկրետ հանդիպումների կամ ներգրավված անձանց մասին։ «Ես գնահատում եմ ու կարևորում եմ, որ կա այդ քննարկումը ու գիտակցումը համագործակցության անհրաժեշտության, քանի որ դա է միակ ճանապարհը։ Մնացածը, կարծում եմ, առաջիկա փուլում, որը Սահմանադրական դատարան ընդդիմադիր ուժերի բողոքների քննարկման փուլն է, ավելի պարզ կդառնա, թե ինչի մասին էին այս քննարկումները, համատեղ աշխատանքը»,– ընդգծել է պատգամավորը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում Ազգային ժողովի վերջին նիստերին, Վարդանյանը նշել է, որ դա իրենց կողմից ընտրված մարտավարական մոտեցում է։ «Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել` ուզում ենք մասնակցել, չենք ուզում մասնակցել, այդ պահին անսահման հարթակ տանք Նիկոլ Փաշինյանին խոսելու, թե չենք ուզում տալ։ Վերջին նիստին, երբ չէինք մասնակցում, տեսա՞ք, թե որտեղից էր գալիս նրա հիստերիան, ագրեսիան»,– ասել է պատգամավորը։ Վարդանյանը նաև նշել է, որ իրենց քաղաքական ուժը նեղսրտած չէ այն հանգամանքից, որ, ըստ էության, ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունեցող «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը կարողացել է շուրջ երկու անգամ ավելի շատ ձայներ ստանալ։ Նրա խոսքով՝ իրենց համար առաջնային է յուրաքանչյուր ընտրողի քվեն և ամբողջ ընդդիմադիր դաշտի ընդհանուր արդյունքը։ Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել են 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել էր ընտրողների ձայների 4 տոկոսը և հնարավորություն ուներ մուտք գործելու խորհրդարան։ Սակայն ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է 213 ձայն և չի հաղթահարել անցողիկ 4 տոկոսի շեմը։ Հունիսի 14-ին ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ ԲՀԿ-ն չի անցել խորհրդարան՝ ստանալով 58 287 ձայն կամ 3.9893 տոկոս։ ԿԸՀ վերջնական տվյալներով՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |