Բաքվում ազատազրկման են դատապարտել ՌԴ 8 քաղաքացու![]() 20 հունիսի 2026 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ձերբակալված Ռուսաստանի 8 քաղաքացու են դատապարտել ազատազրկման՝ «Իրանից թմրանյութերի տարանցման և տարածման», ինչպես նաև «կիբերխարդախության» համար: Այդ մասին հունիսի 19-ին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Սերգեյ Սոֆրոնովը, Անտոն Դրաչևը, Դմիտրի Բեզուգլին և Վալերի Դուլովը ստացել են չորսական տարվա ազատազրկում։ Դմիտրի Ֆյոդորովը, Բորիս Տիմոշովը, Ալեքսեյ Վասիլչենկոն և Իլյա Բեզուգլին դատապարտվել են երեքական տարվա ազատազրկման, հայտնում է Deutsche Welle-ն: Դատապարտյալներից մեկի ազգականի խոսքով՝ սա առաջին ատյանի դատարանի վճիռն է։ Նրա փոխանցմամբ՝ հարազատները ներկայումս լիովին անորոշ վիճակում են և չեն հասկանում, թե ինչ զարգացումներ կարող են հաջորդել։ Հարցին, թե արդյոք դատապարտվածները բողոքարկելու են վճիռը, «Ագենտստվո»-ի զրուցակիցը պատասխանել է. «Սա լավագույն տարբերակը չէ։ Դա պարզապես ավելի է ձգձգելու ժամանակը, սակայն բողոք չներկայացնել նույնպես հնարավոր չէ»։ «Ագենտստվո»-ի պնդմամբ՝ մեղադրվողներից շատերին բռնության և նրանց հարազատների նկատմամբ սպառնալիքների միջոցով ստիպել են կեղծ ցուցմունքներ տալ թմրանյութերի գնման վերաբերյալ։ Դատական գործընթացը մեկնարկել է ապրիլի 3-ից։ Առաջին դատավճիռները կայացվել են դեռևս ապրիլին։ Այդ ժամանակ Բաքվի դատարանը Եկատերինբուրգի բնակիչ Ալեքսանդր Վայսերոյին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ «հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման» գործով։ Մայիսի կեսերին ևս երեքական տարվա ազատազրկում է նշանակվել Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Զաբոլոտսկիխի և Իլնուր Վալիտովի նկատմամբ։ ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների սրման պայմաններում, որը հետևել է Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններին՝ կազմակերպված հանցավորության մեղադրանքներով։ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական լարվածությունը սկսվել է 2024 թվականի դեկտեմբերին AZAL ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո։ Ճգնաժամի նոր փուլը սկսվել է 2025 թվականի հունիսի վերջին, երբ Եկատերինբուրգում հին քրեական գործերի քննության շրջանակում իրականացվել են լայնածավալ ձերբակալություններ։ Ձերբակալվածների թվում եղել են եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները, որոնք կարճ ժամանակ անց մահացել են կալանքի տակ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ «կանխամտածված սպանության» հոդվածով և նրանց մահվան համար մեղադրել ռուսաստանյան իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Ադրբեջանցի դատաբժշկական փորձագետների եզրակացության համաձայն՝ 60-ամյա Հուսեյն Սաֆարովի մոտ արձանագրվել են քթի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածքներ, աճուկային հատվածի արյունազեղումներ, թոքամզի և թոքերի պատռվածքներ, ինչպես նաև լյարդի և որովայնամզի վնասվածքներ։ 55-ամյա Զիյադդին Սաֆարովի մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ երիկամների և սեռական օրգանների շրջանում, հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ և քերծվածքներ։ Նրա կողոսկրերից մեկը բացակայել է, իսկ մնացածը եղել են կոտրված։ 2026 թվականի ապրիլի 13-ին Եկատերինբուրգի դատարանը Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկուն դատապարտել է 24 տարվա ազատազրկման։ Պատիժը նշանակվել է երկու դատավճիռների համակցությամբ՝ 2001 և 2011 թվականների սպանության և սպանության փորձի, ինչպես նաև իրավապահի նկատմամբ բռնություն կիրառելու գործերով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |