ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները կքննվեն մեկ գործով

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները կքննվեն մեկ գործով

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մեկ վարույթում է միավորել ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները, որոնց քննությունը կանցկացվի նույն դատական նիստում։ Նիստը տեղի կունենա հունիսի 26-ին:

Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը։

«Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Սահմանադրական դատարան են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփած որոշումն անվավեր ճանաչելն է, կա նաև երկրորդ փուլ անցկացնելու պահանջ:

 Ուշագրավ
---