The Guardian-ը՝ Ծառուկյանի, նրա կենդանիների, Քրիստոսի արձանի և այլ նախագծերի մասին![]() 22 հունիսի 2026 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ամենահարուստ և ամենաքննարկվող գործարարներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, ձգտում է իր անունը կապել մի նախագծի հետ, որը, նրա խոսքով, թույլ կտա Հայաստանին հայտնվել համաշխարհային ուշադրության կենտրոնում, ասվում է The Guardian-ի հոդվածում: «Երևանի ծայրամասում գտնվող ընդարձակ կալվածքի բարձր պատերի հետևում վեց վագրեր շրջում են ցանկապատված տարածքում, երեք առյուծներ քայլում են իրենց վանդակներում, իսկ ալիգատորները հանգստանում են կեսօրվա տապին։ Տարածքի խորքում երևում են նաև այլ կենդանիներ։ Ոսկեզօծ, ձեռքով նկարազարդված առաստաղով սրահում տեղադրված են տարբեր կենդանիների խրտվիլակներ: Սեփականատիրոջ խոսքով՝ այդ կենդանիների բոլորը որսացել է անձամբ ինքը։ Այս ամենը պատկերացում է տալիս Գագիկ Ծառուկյանի նախասիրությունների մասին»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ խորհրդարանական ընտրություններում ստանալով 4 տոկոսից պակաս ձայն՝ Ծառուկյանը դժվար թե երբևէ գլխավորի Հայաստանը, սակայն երկրի ամենահարուստ և ամենաքննարկվող դեմքերից մեկը շարունակում է ձգտել իր հետքը թողնել պատմության մեջ։ Նշվում է, որ դրա համար նա ընտրել է մի խորհրդանշական նախագիծ՝ Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենաբարձր արձանը, որը պետք է տեղադրվի Երևանին նայող 2500 մետր բարձրությամբ լեռան վրա։ «Ոմանց համար այն Հայաստանի հնագույն քրիստոնեական ժառանգության փառաբանումն է, մյուսների համար՝ մեկ օլիգարխի չափազանց մեծ հավակնությունների արտահայտությունը։ Հազվադեպ տված հարցազրույցներից մեկում, որը տեղի է ունեցել իր հայրենի Առինջ գյուղում գտնվող առանձնատանը, Ծառուկյանն ասել է. «Սա կլինի Հայաստանի այցեքարտը, քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ ըստ Ծառուկյանի, նախագիծը կոչված է արձագանքելու այն միջազգային շարժմանը, որը միավորում է կրոնական հավատը, ազգային գաղափարախոսությունն ու պահպանողականությունը։ Նրա կարծիքով՝ այդ միտումը հատկապես տեսանելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի MAGA շարժման և Եվրոպայի աջակողմյան ուժերի շրջանակում։ «Թրամփը, իհարկե, հրավիրված է։ Հուսով ենք՝ նա կգա», - ասել է Ծառուկյանը՝ հավելելով, որ ԱՄՆ դեսպանատան հետ կապվող ոչ պաշտոնական ամերիկյան պատվիրակությունն արդեն այցելել է շինհրապարակ։ Նախագծի ավարտից հետո 101 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Հատիս լեռան վրա՝ Երևանից մոտ 25 կմ արևելք։ Այդպիսով այն տեսանելի կլինի մայրաքաղաքի մեծ հատվածից։ Ծառուկյանը գոհունակությամբ նշել է, որ արձանը չափերով կգերազանցի Բրազիլիայի հայտնի Քրիստոսի արձանին և փոքր-ինչ ավելի բարձր կլինի, քան Նյու Յորքի Ազատության արձանը։ Նշվում է, որ, թեև Հայաստանի հարևան երկրների մեծ մասն այսօր մահմեդական մեծամասնություն ունի, երկիրը լայնորեն ճանաչված է որպես աշխարհում առաջինը պաշտոնապես քրիստոնեություն ընդունած պետություն, որի մկրտությունն ավանդաբար թվագրվում է 301 թվականով։ Նշվում է նաև, որ Հայ Առաքելական եկեղեցին բազմիցս դեմ է արտահայտվել ծրագրին՝ նշելով, որ դրա չափերն ու ոճը չեն համապատասխանում հայկական կրոնական և ճարտարապետական ավանդույթներին։ Եկեղեցու ներկայացուցիչները շեշտել են, որ հայկական քրիստոնեությունն իր արտահայտությունը պատմականորեն գտել է վանքերի, եկեղեցիների և խաչքարերի միջոցով, այլ ոչ թե այլ երկրներում տարածված հսկայական արձանների ձևաչափով։ Նախագիծը քննադատության է արժանացել նաև բնապահպանների կողմից, որոնք զգուշացրել են, որ շինարարությունը կարող է վնաս հասցնել Հատիսի բնական միջավայրին։ Ծառուկյանը մերժել է հոգևորականների և ակտիվիստների մտահոգությունները՝ ընդգծելով, որ արձանը նախատեսված է ոչ միայն հավատացյալների համար, այլ կարող է գրավել շատ ավելի լայն լսարան։ Նա պնդել է, որ ապագայում տարեկան մինչև 10 միլիոն զբոսաշրջիկ կայցելի այդ վայրը։ Նշվում է, որ The Guardian-ի այցելության ընթացքում Քրիստոսի սպիտակ հսկայական կերպարը վեր էր խոյանում քարերի կույտերի, կռունկների և արտադրական շենքերի վերևում՝ անսովոր տեսք հաղորդելով լանդշաֆտին։ Հոդվածում ասվում է, որ քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ Ռուսաստանին համակրող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը, սակայն, կուսակցությունը վիճարկում է արդյունքները դատարանում։ «Այս արդյունքը շարունակել է այն քաղաքական հետընթացը, որն արձանագրվել է մի գործչի մոտ, որը շուրջ երկու տասնամյակ համարվել է Հայաստանի ազդեցիկ ուժային կենտրոններից մեկը։ Ծառուկյանն իր դիրքերը կառուցել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ հարաբերությունների հիման վրա՝ ընդլայնելով բիզնես կայսրությունը քաղաքական կապեր ունեցող գործարարների նեղ շրջանակում։ Մասնավոր կենդանաբանական այգին, մարմարե առանձնատները և շքեղ ավտոմեքենաների հավաքածուն նրան դարձրել են հետխորհրդային տնտեսական վերելքի տարիների խորհրդանիշներից մեկը, երբ մեծ կարողությունները կուտակվում էին արագ և ցուցադրվում առանց ավելորդ համեստության։ Այդ կերպարը նրան դարձրել է բնական թիրախ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, որը 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության է եկել՝ խոստանալով պայքարել օլիգարխիկ համակարգի դեմ»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ հունիսի 7-ին ունեցած հաղթական ելույթում Փաշինյանը խոստացել է բանտարկել իր քաղաքական հակառակորդներին՝ առանձին նշելով Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և գործարար Սամվել Կարապետյանի անունները։ Հաջորդ օրը քննիչները ժամանել են Ծառուկյանի կալվածք՝ նրան հարկային բնույթի մեղադրանքներ առաջադրելու նպատակով։ Նրա խոսքով՝ այս պահին թիմի հիմնական մտահոգությունը ոչ թե քաղաքական խնդիրներն են, այլ արձանը լեռան գագաթ հասցնելու տեխնիկական հարցերը։ Նշվում է, որ նախագծի իրականացման կազմակերպչական խնդիրները գրեթե նույնքան հավակնոտ են, որքան գաղափարը։ Սկզբում նախատեսվում էր արձանի հատվածները տեղափոխել ուղղաթիռներով, սակայն հետագայում ընտրվել է ավելի ավանդական տարբերակ՝ բեռնատարներով մասերը լեռ բարձրացնել և տեղում հավաքել ամբողջ կառույցը։ Նշվում է նաև, որ մոտակայքում արդեն սկսվել է ևս մեկ աստվածաշնչյան թեմայով նախագծի իրականացումը՝ հսկայական Նոյյան տապանի կառուցումը։ Դա լինելու է 134 մետր երկարությամբ, 24 մետր լայնությամբ և 18 մետր բարձրությամբ կառույց։ Առաջին հարկում նախատեսվում է թանգարան, երկրորդում՝ հյուրանոց, իսկ երրորդում՝ սրճարան։ Հոդվածում ներկայացվում են տարբեր կարծիքներ արձանի մասին: Նշվում է, որ Ծառուկյանի նախագծերը մի կողմից դիտվում են որպես ազգային ժառանգության և զբոսաշրջության զարգացման փորձ, մյուս կողմից՝ որպես չափազանց շքեղ և հակասական նախաձեռնություններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |