«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման տեղեկությունը չի հաստատվել

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման տեղեկությունը չի հաստատվել

PanARMENIAN.Net - Համացանցում լայն տարածում ստացած լուսանկարը, որտեղ իբր շինարարական տեխնիկայի միջոցով քանդվում է Ստեփանակերտում գտնվող Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, չի հաստատվել: Այդ մասին ասվում էԱրցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և Արցախի Մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալության հայտարարության մեջ:

Նշվում է, որ մշակութային ժառանգությանը վերաբերող յուրաքանչյուր տեղեկություն պետք է հրապարակվի բացառապես փաստերի բազմակողմանի ստուգումից հետո՝ հիմնվելով հավաստի ապացույցների, այդ թվում՝ արբանյակային պատկերների, լուսանկարների և այլ վստահելի աղբյուրների վրա։

«Սոցիալական ցանցերում վերջին ժամերին լայն տարածում է գտել մի լուսանկար, որի վերաբերյալ տարածվում են պնդումներ, թե ադրբեջանական օկուպացիոն ուժերը շինարարական տեխնիկայի կիրառմամբ ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում քանդում են Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։

Այս պահի դրությամբ նշված տեղեկությունը չի հաստատվել։ Լուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունը իրականությանը գտնվում են ստուգման փուլում։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն հորդորում են հայրենակիցներին, զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և սպասել պաշտոնական հաստատված տեղեկատվությանը։

Նման բնույթի հրապարակումները, հատկապես երբ վերաբերում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության առանցքային խորհրդանիշներին, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ բռնի տեղահանված արցախահայության և ողջ հայ հասարակության վրա՝ խորացնելով անհանգստությունը, ցավն ու տեղեկատվական անորոշությունը։

Միևնույն ժամանակ, հատուկ ընդգծում ենք, որ նման չստուգված տեղեկությունների տարածումը կարող է վտանգներ ստեղծել նաև հենց մշակութային ժառանգության օբյեկտների համար։ Չհաստատված հրապարակումները կարող են անհարկի ուշադրություն հրավիրել տվյալ հուշարձանի կամ մշակութային արժեքի վրա և որոշ դեպքերում նպաստել դրա նկատմամբ հետագա վանդալիզմի, վնասման կամ ոչնչացման ռիսկերի մեծացմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ վերջին շրջանում նման զգայուն թեմաները հաճախ օգտագործվում են դիտումների, տարածումների և հանրային արձագանքի արհեստական աճ ապահովելու նպատակով, ինչը հակասում է պատասխանատու տեղեկատվական գործունեության, մասնագիտական էթիկայի և հանրային շահի սկզբունքներին։

«Տվյալ տեղեկությունն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրվում և ստուգվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալության կողմից։ Ստուգման ավարտից հետո, ինչպես նաև նոր հաստատված տվյալների առկայության դեպքում, հանրությունը կտեղեկացվի պաշտոնական հայտարարությամբ։

Կոչ ենք անում բոլորին ցուցաբերել տեղեկատվական պատասխանատվություն, մինչև փաստերի պաշտոնական հաստատումը չհրապարակել և չտարածել չստուգված նյութեր, ինչպես նաև առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրների կողմից հրապարակվող տեղեկատվությամբ։

Հ․Գ․

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ լուսանկարի հրապարակումը կարող է հոգեբանական բացասական ազդեցություն ունենալ հանրության, մասնավորապես՝ բռնի տեղահանված արցախահայության վրա, այն չենք հրապարակում»,-ասվում է հայտարարության մեջ:

«Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ), հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության խորհրդանշական կոթողներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Կարմիր տուֆից կերտված, մոտ 9 մետր բարձրությամբ այս հուշարձանը տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի, արյունակցական կապը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---