Վարդավառը Երևանում նշվելու է նոր ձևաչափով՝ «թաց» մրցույթներ, ջրային գոտիներ, համերգային ծրագիր

Վարդավառը Երևանում նշվելու է նոր ձևաչափով՝ «թաց» մրցույթներ, ջրային գոտիներ, համերգային ծրագիր

PanARMENIAN.Net - Երևանում Վարդավառն այս տարի նշվելու է նոր ձևաչափով։Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ հուլիսի 12-ին նախատեսված տոնական միջոցառումները լինելու են բազմաբովանդակ և հագեցած, հայտնում է Արմենպրեսը:

«Հանրապետության հրապարակում սպասվում է համերգային ծրագիր հայտնի արտիստների, արտասահմանյան դիջեյների մասնակցությամբ։ Այս տոնը սիրելի է, և այսպես թե այնպես բավական ակտիվությամբ մեր երկրում նշվում է, սակայն այս տարի Երևանում այն կնշենք նոր ձևաչափով։ Կարծում եմ, որ զբոսաշրջային մեծ հոսք կլինի և այն կդառնա մեր այցեքարտերից մեկը՝ նոր որակով»,-ասել է Լևոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ միջոցառումների մեկնարկը տրվելու է ժամը 12։00-ին։ Համերգային ծրագրից բացի, նախատեսվել են ջրային գոտիներ և մրցութային միջոցառումներ։

Երեխաների համար կգործեն առանձին ջրային տարածքներ, որպեսզի նրանք կարողանան ժամանակ անցկացնել առավել անվտանգ պայմաններում։ Տոնական տարածքում կտեղադրվեն նաև շարժական սննդի կետեր։

«Մենք այդ օրը որևէ տեղ, որևէ բան չենք արգելելու, չենք սահմանափակելու, պարզապես Հանրապետության հրապարակում ավելի մասշտաբային կտոնվի։ Վստահեցնում ենք, կլինի ավելի շատ ջուր, ավելի շատ թաց մարդ, հետաքրքիր ծրագիր՝ լավ ժամանակ անցկացնելու համար»,-ասել է Լևոն Հովհաննիսյանը։

Վարդավառը Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է, որը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է և նշվում է Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող կիրակին: Որպես շարժական տոն այն հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---