ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն

PanARMENIAN.Net - Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը (բաժնեմասը) հանրային գերակա շահ կճանաչի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է նախագիծը:

Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը:

  • Ըստ նախագծի՝ հիմնավորումը պայմանավորված է նրանով, որ․
  • էլեկտրաէներգիայի բաշխումը կենսական հանրային ծառայություն է,
  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դադարեցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի գործողությունը,
  • անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը,. սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը,
  • Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունն ունի բացառիկ նշանակություն, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա մեծ է:

Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը ՀԷՑ-ի համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատաեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։

ՀՀ Ազգային ժողովը 2025 թ. հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

 Ուշագրավ
---