Ծեծկռտուք՝ ավագանու նիստում․ «Արա, այ տղեն դու ես, դավայ ստուց»

Ծեծկռտուք՝ ավագանու նիստում․ «Արա, այ տղեն դու ես, դավայ ստուց»

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք է սկսվել «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև։

Իրավիճակը լարվել է, երբ «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները իշխող ՔՊ խմբակցությանը մեղադրել են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ձայներ յուրացնելու մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որը ժամանակավորապես նախագահել է նիստը, դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին, հայտարարել է, որ նրա փոխարեն կլռեր, քանի որ խորհրդարանական ընտրություններում իրենց երկրորդ համարը՝ նկատի ունենալով «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին, մեղադրվում է պետական դավաճանության մեջ։

«Դուք գնացեք պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք, ու տեղից էլ վեր–վեր չթռնեք, սուս կմնաք, ձենդ իջացրա՛։ Արա՛, լսի՛, այ տղեն դու ես, արա՛, դավա՛յ ստուց»,–ասել է Փամբուխչյանը` դիմելով Ստեփանյանին։

Ավագանու անդամների միջև քաշքշուկ սկսվելուց հետո Փամբուխչյանը կարգադրել է նիստերի դահլիճից դուրս հրավիրել Ստեփանյանին։

Իրավիճակն ավելի է թեժացել, երբ ծեծկռտուքին մասնակից են դարձել նաև կանայք:

«Հանրապետություն» խմբակցություն անդամ Անի Խաչատրյանը բաժակով ջուր է լցրել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի վրա։

Երևանի ավագանու նիստն ընդմիջվել է 30 րոպեով։

 Ուշագրավ
---