Politico․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է հաջորդ շաբաթ կրկին այցելել Հայաստան![]() 23 հունիսի 2026 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան, գրել է Politico-ն՝ հղում անելով այցի նախապատրաստական աշխատանքներին ծանոթ երեք աղբյուրի։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում ընդգրկված կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը նախատեսվել է հուլիսի 1-ին, սակայն ընդգծել է, որ ծրագրերը դեռևս վերջնական տեսք չեն ստացել, գրում է Արմենպրեսը: Լրատվամիջոցը նշել է, որ այցը դիտարկվում է որպես բարձր մակարդակի աջակցության ազդակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած քաղաքական ուժի՝ հունիսին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո։ Politico-ի գնահատմամբ՝ հնարավոր այցը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի կառավարությունը ձգտում է խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ և ամրապնդել արտաքին քաղաքական ուղղությունը դեպի Արևմուտք։ Պարբերականի հետ զրուցած ԵՄ պաշտոնյաներից մեկը նշել է, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի «ինտենսիվ և հետևողական ճնշման» ներքո, իսկ նման այցը կարող է դառնալ Երևանի համար աջակցության կարևոր ազդակ։ «Դա ուղերձ կլինի, որ Եվրոպան Հայաստանի կողքին է»,- ասել է Politico-ի զրուցակիցներից մեկը։ Պարբերականը նաև գրել է, որ հնարավոր այցն արդեն ազդեցություն է ունեցել Բրյուսելի աշխատանքային օրակարգի վրա։ Ըստ Politico-ի՝ հուլիսի 1-ին նախատեսված Եվրահանձնաժողովի կոլեգիայի նիստը չեղարկվել է, ինչի հետևանքով մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումն ու ընդունումը հետաձգվել կամ փոփոխվել է։ Նշվում է, որ այդ նախաձեռնությունների շարքում են Եվրահանձնաժողովի հանրային գնումների մասին ակտը, ԵՄ մրցութային կանոնների վերանայման ծրագիրը, ինչպես նաև պաշտպանության միասնական շուկային, նորարարությանը և անասնապահությանը վերաբերող առաջարկները։ Այս այցը կարող է դառնալ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցը Հայաստան երկու ամսից պակաս ժամանակահատվածում։ Եվրահանձնաժողովի նախագահը մայիսին էր Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որից հետո մասնակցել է նաև ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |