OpenAI-ի հարթակի պատվիրակությունը ՀՀ-ում է՝ ներկայացնելու ChatGPT Edu գործիքը![]() 23 հունիսի 2026 - 17:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու ChatGPT Edu գործիքը։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքներին կտրամադրվի մոտ 50 հազար անվճար բաժանորդագրություն՝ ԿԳՄՍՆ-ի, OpenAI-ի և Firebird ընկերության համագործակցության արդյունքում։ Մինչև սեպտեմբեր կիրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ և վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելու ծրագրի մեկնարկը նոր ուսումնական տարվանից։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը, OpenAI-ի՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը և պատվիրակության այլ անդամներ։ Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգում հետևողականորեն ընդլայնվել են արհեստական բանականության կիրառման և ԱԲ գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Նախարարի գնահատմամբ՝ այս համագործակցությունը կարևոր նշանակություն ունի երկրի կրթական համակարգի համար, քանի որ Հայաստանում արդեն ձևավորվել է արհեստական բանականության ուսուցման և կիրառման զարգացման կայուն հիմք։ Հանրակրթական դպրոցներում հաջողությամբ իրականացվել են «Արհեստական բանականության սերունդ» և «STEP.ai» ծրագրերը, որոնք նպաստել են սովորողների հիմնարար գիտելիքների, ստեղծարար մտածողության և տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ԱԲ գործիքների անվտանգ և պատասխանատու կիրառմանը։ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ FAST հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրն արդեն արձանագրել է նկատելի արդյունքներ և արժանացել միջազգային ճանաչման։ Ծրագրի մի շարք մասնակիցներ հաջողություններ են գրանցել ու մրցանակներ ստացել միջազգային տարբեր մրցույթներում։ Արհեստական բանականության կրթական ծրագրեր ներդրվել են նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում։ Նշվել է, որ 2026 թվականի սեպտեմբերից Երևանի պետական համալսարանում կգործարկվի նաև ԱԲ ուղղության նոր բակալավրի կրթական ծրագիր։ Անդրադառնալով ոլորտի զարգացման հեռանկարներին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանում իրականացվող խոշոր նախաձեռնությունները նոր հնարավորություններ են ստեղծում կրթության, գիտության և տնտեսության միջև համագործակցության խորացման համար՝ խթանելով երկրի մասնակցությունը միջազգային տեխնոլոգիական գործընթացներին։ Նրա խոսքով՝ այս զարգացումները զգալիորեն ընդլայնել են կրթական համակարգի հնարավորությունները և նպաստավոր պայմաններ ստեղծել միջազգային կապերի զարգացման համար։ OpenAI-ի համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունը՝ նշելով, որ համագործակցության հիմնական նպատակներից են կրթական համակարգում արհեստական բանականության անվտանգ և պատասխանատու կիրառման խթանումը, ինչպես նաև դասավանդողների և սովորողների կարողությունների զարգացումը։ Անդրեասյանը նշել է, որ կրթական հաստատությունների համար նախատեսված ChatGPT Edu հարթակը կդառնա օգտակար գործիք ինչպես բարձրագույն կրթության համակարգում՝ դասախոսների և ուսանողների, այնպես էլ հանրակրթության ոլորտում՝ ուսուցիչների և ավագ դպրոցի աշակերտների համար։ Նա կարևորել է ոչ միայն տեխնոլոգիայի ներդրումը, այլև դրա շուրջ ամբողջական քաղաքականության ձևավորումը՝ ներառելով կարգավորումներ, ռիսկերի կառավարման մեխանիզմներ և անվտանգ օգտագործման սկզբունքներ։ Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu հարթակի հասանելիությունը կապահովվի Firebird ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կքննարկվի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ այն ազգային կրթական համակարգում որպես կայուն և երկարաժամկետ բաղադրիչ ներառելու նպատակով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |