Պապիկյանն ու դեսպանները հետևել են «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության գործնական փուլին

Պապիկյանն ու դեսպանները հետևել են «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության գործնական փուլին

PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունների գործնական փուլը՝ Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի զինվորականների մասնակցությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հունիսի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի, Կանզասի Ազգային գվարդիայի միացյալ շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջեյսոն Քնոբիի, Եվրոպայում ցամաքային գործողությունների շտաբի պետ, գնդապետ Փոլ Կուրտիուի, բարձրաստիճան զինվորականների և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու ներկայացուցիչների հետ «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը:

Հրավիրյալները հետևել են զորավարժության գործնական փուլին, ծանոթացել իրականացվող վարժանքներին և միջազգային խաղաղապահ առաքելությունների նախապատրաստման շրջանակում ներգրավված ստորաբաժանումների գործողություններին։

Այնուհետև զորավարժության ղեկավարությունը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և հյուրերին ներկայացրել է կատարված աշխատանքները, ուսումնական նպատակներն ու արձանագրված արդյունքները։

««Արծիվ գործընկեր-2026» զորավարժության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային խաղաղապահ առաքելությունների ընթացքում պահանջվող մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, ստորաբաժանումների փոխգործունակության բարձրացմանը և տարբեր իրավիճակներում արագ ու արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում։

«Արծիվ գործընկեր-2026» («Eagle Partner») զորավարժությունը, որին մասնակցում են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները, անցնում է հունիսի 17-25-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---