ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իրանի դեմ պատերազմի դադարեցմանը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իրանի դեմ պատերազմի դադարեցմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հաստատել է Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևը, որը նախատեսում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցում։

Reuters գործակալության հաղորդմամբ՝ հունիսի 23-ին, բանաձևն ընդունվել է 50 կողմ և 48 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկությունը, ըստ գործակալության, արտացոլել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների շրջանում աճող անհանգստությունը՝ կապված 2026 թվականի փետրվարի վերջից շարունակվող ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետ Իրանի դեմ, գրում է Deutsche Welle-ն:

Բանաձևի տեքստով նախատեսվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ամերիկյան զինված ուժերը դուրս բերի Իրանի հետ կամ նրա դեմ ռազմական գործողությունների գոտուց։ Միաժամանակ Reuters-ը ընդգծել է, որ փաստաթուղթը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի․ թեև Թրամփը չի կարող դրա վրա վետո դնել, այն պարտադիր իրավական ուժ չունի։

Քվեարկության նախաձեռնող դեմոկրատ սենատորների գնահատմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը պետք է հստակ ազդակ փոխանցի, որ ռազմական գործողությունների վերսկսումը չպետք է տեղի ունենա առանց իր համաձայնության։

CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմում բանաձևի շուրջ քվեարկությունը որակել են որպես ոչ էական և դրա ընդունումը բացատրել են նիստի ընթացքում մի շարք հանրապետական սենատորների բացակայությամբ։ Սպիտակ տանը նաև նշել են, որ «չկան որևէ ռազմական գործողություններ, որոնց գոտուց հնարավոր լիներ դուրս բերել ամերիկյան զորքերը, քանի որ ռազմական գործողություններն ավարտվել են ապրիլի 17-ի հրադադարով»։

Չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմին՝ կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ 2026 թվականի հունիսի կեսերին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են երկու ամիս ժամկետով փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում, Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Նախորդ օրը Թրամփը հայտարարել է, որ կողմերն արդեն առանձին պայմանավորվածությունների են հասել միջուկային վերահսկողության, պատժամիջոցների և Հորրմուզի նեղուցում նավարկության հարցերի շուրջ։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները համաձայնել են միջազգային տեսչություններին թույլատրել մուտք գործել իրենց միջուկային օբյեկտներ, ինչը հնարավորություն է տվել շարունակել բանակցային գործընթացը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---