Սեպտեմբերի 1-ից դպրոցներում կներդրվեն անվտանգության նոր չափանիշներ![]() 24 հունիսի 2026 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից դպրոցներում կներդրվեն անվտանգության նոր կանոններ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանի հրաման է ստորագրել: Դպրոցի ֆիզիկական միջավայրը, ներառյալ հարակից տարածքներն ու ենթակառուցվածքները, պետք է կազմակերպված, կառուցված և կահավորված լինեն այնպես, որ ապահովվեն անվտանգության, հասանելիության և մատչելիության պահանջները, հայտնում է Factor.am-ը: Սահմանված չափանիշներով կրթական միջավայրը պետք է լինի անվտանգ և զերծ սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերից՝ ներառյալ ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական բռնությունը, անտեսումը, թրաֆիքինգը և շահագործումը, ինչպես նաև դրանց առանձին դրսևորումները՝ բուլինգը, կիբերբուլինգը և ֆիզիկական պատիժը։ Փաստաթղթով նախատեսվում է, որ դպրոցները պետք է իրականացնեն համակարգված և շարունակական կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված բռնության բոլոր ձևերի, այդ թվում՝ թրաֆիքինգի և բուլինգի կանխարգելմանը։ Դպրոցները պարտավոր են ապահովել դրական, անվտանգ և աջակցող բարոյահոգեբանական միջավայր՝ ձևավորելով փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, ներառականության և համագործակցության մշակույթ։ Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել սոցիալ-հուզական հմտությունների զարգացման ծրագրեր, զարգացնել կոնֆլիկտների խաղաղ լուծման կարողությունները, խթանել դրական վարքագիծն ու արդյունավետ հաղորդակցությունը, ինչպես նաև կազմակերպել հոգեկան առողջության, հուզական բարեկեցության և սթրեսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև թվային անվտանգությանը, մեդիագրագիտությանը և պատասխանատու առցանց վարքագծի ձևավորմանը։ Դպրոցները պետք է ապահովեն ներառական միջավայր՝ հաշվի առնելով սովորողների անհատական, մշակութային և զարգացման առանձնահատկությունները։ Հրամանով նախատեսվում է, որ անձնակազմը պետք է կարողանա ճանաչել բռնության, թրաֆիքինգի և բուլինգի հնարավոր նշանները, ինչպես նաև ժամանակին արձանագրել սովորողների վարքագծային, հուզական կամ սոցիալական փոփոխությունները։ Նման դեպքերի կասկածի դեպքում տեղեկատվությունը պետք է անհապաղ փոխանցվի դպրոցի սովորողի պաշտպանության թիմին։ Դպրոցները պետք է ունենան նաև բռնության, թրաֆիքինգի և բուլինգի դեպքերի արձագանքման հստակ ընթացակարգեր՝ ներառելով դեպքերի գրանցումը, գնահատումը, անհրաժեշտ աջակցության տրամադրումը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան մարմիններին ուղղորդումը՝ համագործակցելով առողջապահական, սոցիալական, իրավապահ և համայնքային ծառայությունների հետ։ Նշվում է, որ բոլոր միջամտությունները պետք է իրականացվեն սովորողակենտրոն մոտեցմամբ՝ ապահովելով սովորողի լավագույն շահը, արժանապատվությունը, անձնական կյանքի և տվյալների գաղտնիությունը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը՝ բացառելով խտրականության ցանկացած դրսևորում։ Փաստաթղթով նախատեսվում է նաև սովորողների ակտիվ ներգրավվածությունը դպրոցի անվտանգ միջավայրի ձևավորման գործում՝ իրազեկման, ինքնապաշտպանության և փոխաջակցության ծրագրերի միջոցով։ Առանձին դրույթներով անդրադարձ է կատարվել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման կանխարգելմանը։ Դպրոցները պետք է կազմակերպեն տեղեկատվական և իրազեկման միջոցառումներ, տեսանյութերի դիտումներ, քննարկումներ և թեմատիկ դասընթացներ՝ բարձրացնելու սովորողների գիտելիքներն ու տեղեկացվածությունը այդ նյութերի օգտագործման վտանգների, ռիսկերի և հետևանքների վերաբերյալ։ Դասղեկների և մասնագետների մասնակցությամբ նախատեսվում է նաև հանդիպումներ կազմակերպել ծնողների հետ՝ նրանց իրազեկելու դեռահասների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման ռիսկերի, վաղ ախտանիշների ճանաչման և կանխարգելման հնարավորությունների մասին։ Դպրոցները պետք է աջակցեն նաև սովորողների օգտակար զբաղվածությանը դասերից հետո՝ նպաստելով առողջ ապրելակերպի ձևավորմանը և բարձրացնելով նրանց սոցիալական դիմադրողականությունը վնասակար սովորությունների նկատմամբ։ Փաստաթղթում տեղ է գտել նաև արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բաղադրիչը։ Դպրոցներում պետք է պարբերաբար անցկացվեն զրույցներ, քննարկումներ և գործնական վարժանքներ բնական և տեխնածին վտանգների, դրանց կանխարգելման միջոցների և ինքնապաշտպանության քայլերի վերաբերյալ։ Պարտադիր է լինելու տարհանման պլանների առկայությունը, դրանց տեսանելիությունն ու հասանելիությունը բոլորի համար, ինչպես նաև կանոնավոր տարհանման վարժանքների կազմակերպումը։ Նախատեսվում են նաև ճանաչողական շրջայցեր, որոնց ընթացքում սովորողներին կներկայացվեն արտակարգ ելքերը, հավաքատեղիները, անվտանգ երթուղիները և անվտանգության տեսանկյունից կարևոր այլ տարածքներ։ Նոր չափանիշներով դպրոցներում կձևավորվի նաև սովորողների պաշտպանության թիմ։ Այն նպատակ է ունենալու ապահովել սովորողների անվտանգությունը, բարեկեցությունը և հոգեկան առողջության պահպանումը, ինչպես նաև կանխել, վաղ հայտնաբերել և արձագանքել սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերը։ Թիմում ընդգրկվելու են դպրոցի տնօրենը կամ համապատասխան համակարգողը, վարչատնտեսական պատասխանատուն, դասղեկը կամ ուսուցիչը, հոգեբանը, ծնողական խորհրդի ներկայացուցիչը և աշակերտական խորհրդի ներկայացուցիչը։ Թիմի հիմնական գործառույթների մեջ ներառվել են բռնության, բուլինգի և այլ ռիսկային իրավիճակների կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, ստացված տեղեկությունների ուսումնասիրումը, ռիսկերի գնահատումը, համապատասխան ծառայություններին ու իրավասու մարմիններին ժամանակին ուղղորդումը, գործընթացի մշտադիտարկումը, ինչպես նաև սովորողներին և նրանց ընտանիքներին հոգեբանական, սոցիալական ու կրթական աջակցության տրամադրումը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |