Ղազարյան․ ՄԻԵԴ-ը գտնվեց իր բարձրության վրա՝ արձանագրելով, որ հանցագործությունները կատարել է Ադրբեջանը

Ղազարյան․ ՄԻԵԴ-ը գտնվեց իր բարձրության վրա՝ արձանագրելով, որ հանցագործությունները կատարել է Ադրբեջանը

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ը գտնվեց իր բարձրության վրա՝ արձանագրելով, որ հանցագործությունները կատարել են Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանը , հայտարարել է գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով գլխատված հայ զինծառայողի գործով ՄԻԵԴ վճռին:

Նա նշել է, որ «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը դարձել է անհերքելի պատմական փաստ, հայտնում է Panorama.am-ը:

«Ցանկացած դատական ակտ դառնում է անհերքելի։ Ինձ համար շատ կարևոր է հենց այդ հանգամանքը։ Սա ցույց է տալիս պատերազմի դեմքը։ Ինչպես «Հետքի» լրագրողը մի կերպ կարողացավ հասնել Թալիշ ու լուսանկարել Խալափյաններին, իրենք որոշեցին ի վերջո հրապարակել այդ լուսանկարը, դուք գիտեք՝ ինչի մասին եմ խոսում։ Եվ աշխարհը հասկացավ, որ դա ամենևին էլ ինքնապաշտպանություն չէ, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը:

Դա հայրենական պատերազմ չէր, դա ագրեսիվ պտարեզմ էր։ Հայրենական պատերազմում զինծառայողներին չեն գլխատում, ձեռքերը չեն կտրում։ Չնայած Ադրբեջանի կառավարությունն անընդհատ բողոքում է, ՄԻԵԴ-ը գտնվեց իր բարձրության վրա՝ արձանագրելով, որ հանցագործությունները կատերել են Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանը»,- ընդգծել է իրավաբանը։

Նա կրկին շեշտել է, որ այս դատական ակտը կասկածի տակ է դնում Ադրբեջանի կողմից ներկայացվող, այսպես կոչված, «հայրենական» կամ «ինքնապաշտպանական» պատերազմի լեգիտիմության մասին պնդումները։

«Ադրբեջանը ձգտում էր հասնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերի, ագրեսիվ պատերազմերի լեգիտիմացմանը, նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելուն, իմ կարծիքով, իրավական ամենամեծ արժեքն այդ է»,- ասել է Արա Ղազարյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը: Գործը վերաբերում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից վիրավորման հետևանքով շարքից դուրս եկած հայ զինծառայող Հ․ Թ․-ի խոշտանգման և սպանության դեպքին։

Հ․ Թ․-ի ծնողներն ու քույրը՝ որպես դիմումատուներ, Դատարանին ներկայացրել էին, որ Հ․ Թ․-ն ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակման արդյունքում վիրավորվել է և շարքից դուրս եկել՝ անկարող լինելով քայլել ինքնուրույն։ Նա ադրջեբանական զինված ուժերի զինծառայողների կողմից ենթարկվել է խոշտանգումների, ապա գլխատման եղանակով սպանվել։ Դիմումատուները նաև ներկայացրել էին, որ ընտանիքը չի կարողացել հետ ստանալ նրա մարմնի բոլոր մասերը և կազմակերպել պատշաճ հուղարկավորություն։

 Ուշագրավ
---