Սահակյան․ Բաքուն ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին

Սահակյան․ Բաքուն ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին

PanARMENIAN.Net - Բաքվի արձագանքը «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճռին եղել է ցավոտ և ագրեսիվ՝ ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին, հայտարարել է գործով դիմումատուի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ-ին՝ Հայաստանի օգտին կայացված որոշման առնչությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ում դատարանի որոշումը բնութագրել են որպես անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող, գրում է Panorama.am-ը:

«Ոչ թե զղջում են կատարվածի համար ու հանձնառում փոխել պրակտիկան, այլ մեղադրում են միջազգային ատյաններին՝ անարդարացիության մեջ։ Եվ այն կեղծ թեզն են առաջ քաշել, որ մի քանի ցուցմունքների հիման վրա Եվրոպական դատարանը նման վճիռ է կայացրել: Մենք հստակեցնենք, որ այս գործով մենք ունենք աներևակայելի մեծ ծավալի ապացուցողական բազա. այն ավտոմեքենան, որը խոցվել է, դիերը, որոնց վնասվածքների վերաբերյալ կան փորձաքննություններ, կան այլ փորձաքննություններ, որոնց արդյունքում նույնականացվել է սպանված հայ սպայի գլուխը, նույնականացրել ենք կատարողին, կա նրա հարցազրույցը, երբ նա ինքնախոստովանում էր իր կատարած հանցագործությունը»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը: Գործը վերաբերում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից վիրավորման հետևանքով շարքից դուրս եկած հայ զինծառայող Հ․ Թ․-ի խոշտանգման և սպանության դեպքին։

Հ․ Թ․-ի ծնողներն ու քույրը՝ որպես դիմումատուներ, Դատարանին ներկայացրել էին, որ Հ․ Թ․-ն ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակման արդյունքում վիրավորվել է և շարքից դուրս եկել՝ անկարող լինելով քայլել ինքնուրույն։ Նա ադրջեբանական զինված ուժերի զինծառայողների կողմից ենթարկվել է խոշտանգումների, ապա գլխատման եղանակով սպանվել։ Դիմումատուները նաև ներկայացրել էին, որ ընտանիքը չի կարողացել հետ ստանալ նրա մարմնի բոլոր մասերը և կազմակերպել պատշաճ հուղարկավորություն։

 Ուշագրավ
---