Վասիլև. ՀՀ հետ կապված ԱՄՆ և ԵՄ ծրագրերը կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը Հարավային Կովկասում![]() 24 հունիսի 2026 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հետ կապված ԱՄՆ և Եվրամիության ծրագրերը կարող են հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի սրմանը, հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նա այդ մասին ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում: «Զանգեզուրի միջանցքի իբր անվտանգության ապահովման ԱՄՆ ծրագրերը, ԵՄ երկրների՝ Հայաստանն իրենց ռազմական կառույցներում ներառելու մտադրությունները, ինչպես նաև տարածաշրջանում իրականացվող այլ ոչ բարեկամական քայլերը հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրմանը տարածաշրջանում»,-ասել է նա: Նա նաև նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հետևում է զարգացումներին և պահում է իրավիճակը վերահսկողության ներքո։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար ինտեգրացիոն միավորման ամենաարդյունավետ տարբերակն է՝ համեմատած այլ հնարավոր ուղղությունների հետ։ «Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես ԵԱՏՄ-ն, ամեն տարի զգալի տոկոս է ավելացնում Հայաստանի ՀՆԱ-ի աճին։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը էապես գերազանցում է մյուս այլընտրանքներին»,-ասել է նա: Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի ժողովուրդը և հանրապետության ներկայիս ղեկավարությունը իրավիճակի գնահատումից հետո ևս կգան նույն եզրակացության։ «Մենք շահագրգռված ենք դրանում, մենք շարունակելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք ունենք բազմաթիվ ընդհանուր գործեր։ Ռուսաստանը Հայաստանի համար լուրջ ներդրող է։ Հետևաբար, աշխատանքը շատ է, և հարաբերությունները շարունակելու են զարգանալ»,- հավելել է Պեսկովը։ Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |