ՔԿ․ Չալաբյանը ընտրությունների թեմայով հանդիպումներ է ունեցել օտարերկրյա պաշտոնյաների հետ

ՔԿ․ Չալաբյանը ընտրությունների թեմայով հանդիպումներ է ունեցել օտարերկրյա պաշտոնյաների հետ

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը 2026 թվականի մայիսին մեկնել է արտերկիր, հանդիպել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, հորդորել, որ միջամտեն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

«Ա․Չ․-ն հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն ՀՀ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել ՀՀ և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հանդիսանում է Ա.Չ.-ն:

Ա․Չ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։

Ա․Չ.-ն ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունը փոխանցվել է դատախազություն՝ ավելի վաղ ներկայացված հաղորդման շրջանակում։

Նա նշել է, որ մայիսին «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին, գործը հարուցվել էր։

Նրա խոսքով՝ հետագայում, երբ հրապարակվել է Ավետիք Չալաբյանի ձայնագրությունը, այն ևս ուղարկվել է դատախազություն՝ որպես լրացուցիչ նյութ։

«Այնուհետև, երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը (որտեղ նա ՌԴ ներկայացուցիչներին մատնացույց էր անում, թե ինչպես պետք է ազդեն ՌԴ-ում գտնվող ՀՀ ընտրողների վրա), այն ուղարկել ենք դատախազություն` ի լրումն մեր հաղորդման: Հետևապես, ենթադրում եմ, որ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը։

Հայաստանի ընտրությունների ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ»,-գրել է նա:

Հունիսի 24-ի վաղ առավոտյան ձերբակալվել է «Հայաքվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Քննվում է նրա խափանման միջոցի հարցը:

 Ուշագրավ
---