Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով առաջին ատյանի որոշումը, տնային կալանքը վերացվել է

Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով առաջին ատյանի որոշումը, տնային կալանքը վերացվել է

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Որոշմամբ վերացվել է Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը, իսկ բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ, հայտնում է Panorama.am-ը:

«Վերաքննիչ դատարանը գտավ, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը սույն դեպքում չի հանդիսացել որպես օրենքի հիման վրա ստեղծված և պատշաճ դատարան, այդ իսկ պատճառով դատավճիռը բեկանվել է»,- հայտարարել է դատավորը։

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքով պահանջել էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած դատավճիռը և ընդունել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել Աջապահյանի անմեղությունը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թվականի հունիսի 28-ին կալանավորվել էր, այնուհետև նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքով։

Առաջին ատյանի դատարանը Միքայել Աջապահյանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում և 2025 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ դատապարտել երկու տարվա ազատազրկման։ 2026 թվականի փետրվարի 6-ի դատարանի որոշմամբ նրա կալանքը վերացվել էր, և որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը։

 Ուշագրավ
---