Փոփոխություններ են կատարվել Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում

Փոփոխություններ են կատարվել Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում

PanARMENIAN.Net - Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։

2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել 6336 ընտանիք, որոնցից 2896-ն արդեն իրացրել են այն։

Հիմնավորման համաձայն՝ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտել են ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Այդ պատճառով առաջարկվել է սահմանել, որ եթե դիմում-հայտարարության մեջ ընդգրկված ընտանիքի ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա (երեխաներ), ապա երեխան (երեխաները) համարվում է այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը, որի հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան (երեխաները)։ Եթե դատարանի համապատասխան որոշում չի եղել, ապա երեխան (երեխաները) համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամը, իսկ հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։

Ներկայում այս կարգավորման բացակայության հետևանքով ամուսնալուծված ծնողներից մեկը չի կարող հավաստագիր ստանալ, քանի դեռ մյուս ծնողն ու երեխան չեն ստացել իրենց հավաստագիրը։

Սահմանվել է նաև, որ ծրագրի շրջանակում կանխավճարի չափը կազմում է հավաստագրով հասանելիք գումարի 20 տոկոսը, որy վճարում է պետությունը։ Այս դրույթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության, Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի միջև կնքված համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման պահանջով։

Ներկա փուլում առաջարկվել է կանխավճարի չափը սահմանել 20 տոկոս, այնուհետև երեք ամիսների ընթացքում հավաստագրերի իրացման դինամիկայից կախված այս ցուցանիշը կվերանայվի, և եթե իրացման ցուցանիշները ցածր լինեն, այն կսահմանվի 30 տոկոս։

Սահմանվել է նաև, որ վերաֆինանսավորող կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող ծրագրային վարկերի դեպքում աջակցության չափը՝ վարկի տոկոսագումարների սուբսիդավորման նպատակով, կազմում է տվյալ ծրագրային վարկի տրամադրման պահին վերաֆինանսավորող կազմակերպության կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով՝ ավելացված առավելագույնը 2 տոկոսային կետով, սակայն ոչ ավելի, քան 13%։ Այս պայմանի վերանայումը բխում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ համագործակցության անհրաժեշտությունից։

Բացի այդ, սահմանվել է, որ հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամները կարող են իրենց հավաստագրերը միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Կատարվել են նաև այլ փոփոխություններ։

Մայիսի 25-ի դրությամբ ծրագրի շրջանակում ծախսվել է 3,851,309,400 դրամ, որը ուղղվել է 2608 շահառուների հիփոթեքային վարկերի ամսական մարումներին և կադաստրային վճարներին, 479 շահառուների վերանորոգման վարկերի ամսական մարումներին, 30 շահառուների գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման վարկերի ամսական մարումներին, ինչպես նաև 83 շահառուների հավելյալ հիփոթեքային վարկերի մարմանը, 53 շահառուների գործող հիփոթեքային վարկերի մարմանը և 290 շահառուների կահույքի ու կենցաղային տեխնիկայի գնմանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---