«Հյուսիս–հարավը» Նորագավթի 1-ին փողոցին կապող հանգույցում էստակադայի կառուցման մրցույթը կայացել է

«Հյուսիս–հարավը» Նորագավթի 1-ին փողոցին կապող հանգույցում  էստակադայի կառուցման մրցույթը կայացել է

PanARMENIAN.Net - Արտաշատի խճուղի–Մ2–«Հյուսիս–հարավ» միջպետական ճանապարհը Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցում էստակադայի կառուցման մրցույթը կայացել է, կա հաղթող ընկերություն։Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։

Նրա խոսքով՝ մրցութային գործընթացն արդեն ավարտվել է, ընտրվել են ինչպես տեխնիկական հսկողությունն իրականացնող, այնպես էլ շինարարական աշխատանքները կատարող կազմակերպությունները։ Կազմակերպություններից մեկի հետ պայմանագիրն արդեն կնքվել է, իսկ մյուսի հետ այն դեռ գտնվում է կնքման փուլում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 1.3 միլիարդ դրամ, հայտնում է Sputnik Արմենիան:

Բաբայանը նշել է, որ 2026 թվականին ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ կլինի մինչև 400 միլիոն դրամ ֆինանսավորում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ փաստաթղթերն արդեն պատրաստ են, և ֆինանսավորման տրամադրումից անմիջապես հետո հնարավոր կլինի սկսել շինարարական աշխատանքները։

Նա նաև հայտնել է, որ Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն կապող 2․5 կիլոմետր երկարությամբ և 25 մետր լայնությամբ շրջանցիկ ճանապարհի նախագծի վրա արդեն աշխատում է միջազգային խորհրդատվական ընկերություն։

Նոր ճանապարհը նախատեսված է տրանսպորտային հոսքերի բեռնաթափման և Դավթաշենի կամրջի ծանրաբեռնվածության նվազեցման համար։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ նախագիծը մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում կկառուցվեն կամուրջներ, իսկ Մ-4 ճանապարհը կմիանա «Հյուսիս–հարավ» շրջանցիկ ճանապարհին, ինչի արդյունքում Թբիլիսյան խճուղին ուղղակի կապ կունենա այդ ճանապարհի հետ։

Քաղաքապետի գնահատմամբ՝ սա Երևանի ամենախոշոր և կարևոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկն է։ Նա նշել է, որ Կորեայի ձորի վրա նախատեսվում է կառուցել երկու կամուրջ, և վստահություն հայտնել, որ նոր ճանապարհը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի երթևեկությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---