Նախարար․ Ապահովագրավճարի չափի վերանայման դեպքում այն կտարածվի բոլոր շահառու խմբերի վրա![]() 30 հունիսի 2026 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը, որը կազմում է 129 հազար դրամ, բոլոր խմբերի համար նույնն է և ամրագրված է օրենքի համապատասխան դրույթով, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում։ Նախարարը նաև ընդգծել է, որ ապահովագրավճարի չափի վերանայման դեպքում այն կտարածվի բոլոր շահառու խմբերի վրա, հայտնում է Արմենպրեսը: Նա պարզաբանել է, որ այդ գործընթացի մեխանիզմները նույնպես սահմանված են օրենքով։ «Ամեն տարի հաջորդ տարվա համար Ազգային ժողովին Առողջապահության նախարարը ներկայացնում է Ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց՝ սպառված ծառայությունների, մատուցված ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության և այլնի մասին։ Այսինքն՝ ներկայացվում են նախորդ տարվա արդյունքները և առաջարկ է ներկայացվում արդեն հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ։ Ամեն տարի Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի թողնելո՞ւ է նույնը, բարձրացնելո՞ւ է, թե՞ նվազեցնելու է ապահովագրավճարը»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ առաջիկա ամսվա ընթացքում ֆինանսական ոլորտի գործընկերների հետ կքննարկվեն նաև 2027 թվականին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման հարցերը։ «Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում պատկերը կհստակեցվի՝ թե 2027 թվականի ընթացքում պետությունն ինչքան է սուբսիդավորելու այն խմբերին, որոնց ամբողջությամբ չի սուբսիդավորում»,-ասել է Ավանեսյանը։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |