Վարդևանյան․ Նախընտրական փուլում ՀԿԿ ձայնագրությունները ընտրողների 21%-ի մոտ բացասական վերաբերմունք են ձևավորել![]() 1 հուլիսի 2026 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Նախընտրական փուլում հրապարակված ձայնագրությունները, որոնք հետագայում իրավական հաստատում չեն ստացել կամ մասնակի են կարճվել, ընտրողների 21%-ի շրջանում բացասական վերաբերմունք են ձևավորել ընդդիմադիր ուժերի նկատմամբ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթի ժամանակ: Նա Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններն անվանել է ընդդիմության դեմ ուղղված քաղաքական գործիք, հայտնում է Factor.am-ը: Վարդևանյանի գնահատմամբ՝ ընտրական գործընթացում արձանագրվել են համակարգային և զանգվածային խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել վերջնական արդյունքների վրա։ «Այս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան։ Այս ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել հավասար։ Այս պնդումները հիմնավորելու համար մենք ներկայացրեցինք թե՛ ատելության խոսքի մասշտաբային դրսևորումը, որն իրականացվել է որպես երրորդ անձ ներգրավված ուժի կողմից, և որը փաստահեն է, որի վերաբերյալ կա իրավական բնույթի ակտ՝ Վարչական դատարանի համապատասխան դատական ակտը։ Մենք հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի։ Դրա վերաբերյալ ներկայացրեցինք կրկին դատական ակտեր, փաստահեն պնդումներ։ Մենք հիմնավորեցինք, որ սույն ընտրական վեճի, ընտրական գործընթացի շրջանակներում լիազոր մարմինն ունեցել է անկախության դեֆիցիտ»,- ասել է նա։ Ելույթի ընթացքում Վարդևանյանը հիշատակել է նաև ՍԴ հիմնադիր նախագահ Գագիկ Հարությունյանի հայտնի թեզը՝ նշելով, որ ներկայում Հայաստանում Սահմանադրության առկայությունը դեռևս չի նշանակել սահմանադրականության գոյություն։ Նա ընդգծել է, որ դատաքննության ընթացքում պատասխանող կողմը հաճախ խուսափել է ուղիղ հարցերին պատասխանելուց՝ փաստացի օգտվելով «լռելու իրավունքից», ինչը, նրա կարծիքով, սահմանադրական արդարադատության համար անընդունելի է։ «Մենք պարզեցինք, որ գործով պատասխանողը մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չունի։ Մենք տեսանք դատաքննության ընթացքում, թե ինչպես է հնարավոր հարցերին չպատասխանել։ Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանում, սահմանադրական արդարադատության շրջանակում մենք առաջին անգամ ականատեսը եղանք, որ պատասխանողը օգտվեց փաստացի լռելու իրավունքից, երբ Բարձր դատարանի դատավորներից մեկի ուղիղ հարցադրմանը պատասխան ընդհանրապես չտրվեց»,-ասել է փաստաբանը: Դաշինքի ներկայացուցիչն անդրադարձել է նաև նախընտրական շրջանում կենսաթոշակների 10 հազար դրամով բարձրացմանը՝ այն գնահատելով որպես փաստացի ընտրակաշառք։ Նրա խոսքով՝ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիների համար այդ գումարը վճռորոշ նշանակություն է ունեցել կամքի ձևավորման հարցում։ «Սա արվում էր մի ժամանակահատվածում, երբ նույն իշխանությունը նախկինում պնդում էր, թե նման բարձրացման կարիք կամ հնարավորություն չկա»,- հավելել է նա։ Եզրափակելով ելույթը՝ Արամ Վարդևանյանը դիմել է Սահմանադրական դատարանին՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, իր գնահատմամբ, արձանագրված խախտումների համակարգային և զանգվածային բնույթը։ Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |