«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է հափշտակության մեջ![]() 1 հուլիսի 2026 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, պաշտոնավարման ընթացքում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք։ Նշվում է, որ նախաքննությամբ պարզվել է՝ հիշյալ պաշտոնյան իր հետ փոխկապակցված անձանց ձևական ընդունել է աշխատանքի բժշկական կենտրոնում, սակայն վերջիններս աշխատանքի չեն հաճախել։ Այդ պայմաններում, ԲԿ-ի պաշտոնատար անձանց օժանդակությամբ, շրջանառության մեջ են դրվել աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա նշված անձինք ստացել են աշխատավարձ։ Արդյունքում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին պատճառվել է մոտ 30 մլն դրամի վնաս։ Նշված արարքների համար բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին)։ Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնի նախկին տնօրենն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել հանցագործությամբ պատճառված մոտ 30 մլն ՀՀ դրամի վնասը։ Նրա և ևս 8 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, իսկ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |