Փաշինյան․ Անհրաժեշտ է ձևակերպել հստակ հանրային կոնսենսուս, թե ինչ է արդարությունը և արդարադատությունը![]() 1 հուլիսի 2026 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է ձևակերպել հստակ հանրային կոնսենսուս, թե ինչ է արդարությունը և արդարադատությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ընթացքում։ Նա ասել է, որ հայտարարել է, որ Հայաստանում առկա չէ հանրային կոնսենսուս կամ հանրային, պետական կարգախոս ու ուղերձ այն մասին, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունը՝ հավելելեվո, որ պետք է շարժվել այդպիսի հանրային կոնսենսուսի ձևակերպման ուղղությամբ, հայտնում է Արմենպրեսը: «Թվում է, թե պարզ և հասկանալի բառ է, բայց երբ գալիս ենք պրակտիկ տիրույթ, ակնհայտ է դառնում, որ կան հարցեր, որոնց պետք է պատասխանել։ Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում և զգում եմ, որ հանրային կոնսենսուս կամ հանրային, պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունը»,-ընդգծել է վարչապետը։ Փաշինյանը նշել է, որ իր պատկերացմամբ՝ արդարությունն ու արդարադատությունը պետք է դիտարկվեն բացառապես լեգիտիմության համատեքստում, քանի որ այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը, առավելագույնս համապատասխանում է նաև արդարության և արդարադատության սկզբունքներին։ Վարչապետի խոսքով՝ ամենակարևոր սկզբունքն այն է, որ լեգիտիմության միայն մեկ աղբյուր կա՝ ՀՀ ժողովուրդը՝ որպես սուվերեն, և արդարությունն ու արդարադատությունը չեն կարող ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից։ «Իմ կարծիքով՝ մեր իրավական մենթալիտետի և սոցիալ-հոգեբանության մեջ այս պրոբլեմը լրջորեն գոյություն ունի։ Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ։ Ես չեմ ասում, թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության և արդարադատության տեսքով։ Եթե պայմանականորեն ասենք, նույնիսկ այն տեղերում, որտեղ ժողովուրդը վրեժի կամ վենդետայի ցանկություն ունի, արդարության և արդարադատության ինստիտուտները հենց սա պետք է սահմանափակեն, բալանսավորեն և բերեն ճիշտ տրամաբանության մեջ, որպեսզի նաև պոտենցիալ մեղադրվողների կամ ամբաստանվողների շահերը և իրավունքները պաշտպանվեն»,-ասել է Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ այս մոտեցումը Հայաստանում դեռևս չի հաջողվել ամբողջությամբ ներդնել։ Վարչապետը նշել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է շարժվել երկու հիմնական ուղղությամբ՝ առաջինը՝ Հայաստանի սահմանադրական կարգի լիարժեք լեգիտիմության հաստատումը՝ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընդունված սահմանադրական կարգի միջոցով, և երկրորդը՝ իրավական ու իրավաբանական կրթության ոլորտում խորքային բարեփոխումների իրականացումը։ «Ես վստահ չեմ, որ Հայաստանում իրավական և իրավաբանական կրթությունը զարգանում է համահունչ այն տրամաբանությունների, որ տեղի են ունենում աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում։ Մենք այս ճեղքի հարցը պետք է լուծենք։Ուզում եմ կիսվել նախընտրական քարոզարշավից հետո իմ թարմ տպավորություններով․ ուղիղ ուզում եմ խոստովանել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ինձ համար ամենամեծ դժվարությունը և բարդությունը ծագել է այնտեղ, որտեղ ես ստիպված եմ եղել պատասխանել մարդկանց հարցերին Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության բացակայության վերաբերյալ։ Ես սա հասկանում և ընդունում եմ, հարգում եմ իշխանությունների տարանջատման, բաժանման սկզբունքը, բոլոր միջազգային չափանիշները և այլն, բայց ի վերջո, ոլորտին վերաբերող բոլոր հարցերը մարդկանց կողմից տրվում են ինձ։ Ամենայն հարգանքով, բայց շատ քչերն են, օրինակ, փողոցում քայլող դատախազին կամ դատավորին կանգնեցնում և հարցնում, թե այս երկրում ինչու արդարություն, արդարադատություն չկա։ Այդ բոլոր հարցերին պատասխանում եմ ես կամ քաղաքական ներկայացուցիչները, և ես ակնկալում եմ, որ Հայաստանում դատաիրավական համակարգը ինձ մատակարարի այդ հարցերի պատասխաններով, որովհետև, պետք է ուղիղ ասեմ, ես այդ հարցերի պատասխանները չունեմ, այդ հարցերն ինձ մոտ էլ են ծագում, բայց այդ հարցերին պատասխանելիս կամ այդ հարցերը բարձրացնելիս ես նաև կաշկանդված եմ իմ լիազորություններով և իմ լիազորությունների սահմանով, բայց քաղաքացին, Հայաստանի ժողովուրդը ոչ մի բանով կաշկանդված չէ, նա ունի հարցեր և այդ հարցերին պետք է տրվեն պատասխաններ»,-շեշտել է վարչապետը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը երկրում արդարության և արդարադատության հաստատման ուղղությամբ իր առջև դրված հարցերի մեծ մասը լուծել է։ «Այդ հարցերը լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ դա բացատրելով, որ մենք այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն»,-ասել է Փաշինյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |