Ֆինանսական խարդախություններից տուժածները կրկին բողոքի ակցիա են անցկացրել

Ֆինանսական խարդախություններից տուժածները կրկին բողոքի ակցիա են անցկացրել

PanARMENIAN.Net - Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լուծումներ տալ իրենց խնդիրներին, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք հերթական անգամ այստեղ ենք և համառորեն շարունակելու ենք գալ, քանի դեռ ներդրումային խարդախությունից տուժած քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվել։ Պետությունը դեռևս չի ստեղծել գործուն մեխանիզմներ, հետևաբար մենք պահանջում ենք ստեղծել թիրախային ֆոնդ, որը կապահովի քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնում և երկրորդ` պետությունը դեռևս կիբեռհանցագործությունների և ներդրումային խարդախությունների հետևանքները չկանխարգելած կառավարությունը նախաձեռնում է քաղաքացիների հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան, որը պարարտ հող է լինելու հետագայում կիբեռհանցագործությունների համար»,– լրագրողների հետ զրույցում նշել է «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։

Տուժած քաղաքացիներից Միհրան Դանիելյանը պատմել է, որ կորցրել է 12 հազար դոլար, որը ներդրել էր HelloBit ֆինանսական ներդրումային հարթակում։

«HelloBit ֆինանսական ներդրումային հարթակը գործել է Հայաստանում 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի նոյեմբեր։ Փաստորեն, 1 տարուց ավելի այդ հարթակը ՀՀ-ում ունեցել է բազմաթիվ գրասենյակներ, բուկլետներ է տպագրել, բաժանել քաղաքացիներին, իրենց լոգոները եղել են բազմաթիվ ավտոմեքենաների, խանութների, վարսավիրանոցների, բենզալցակայանների վրա, այսինքն` եղել է գովազդ 24-ժամյա ռեժիմով։ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն պարոն Սիմոնյանին, արդյոք սա ազգային անվտանգության խնդիր չէ սա։ Ամիսներ շարունակ ո՞ր կողմ եք նայել, չե՞ք տեսել այդ ամենը։ Հուսով եմ, որ պարոն Սիմոնյանը կարձագանքի ինձ»,–ասել է նա։

Ցուցարարների խոսքով՝ պետությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով հնարավոր են դարձել այդ հանցագործությունները։ Նրանք պնդել են, որ ֆինանսական փոխհատուցումը պետության պարտավորությունն է, ոչ թե բարեգործություն։

Զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել ՀՀ կառավարության, ինչպես նաև տարբեր բանկերի գլխավոր գրասենյակների մոտ։ Նրանց անուններով ձևակերպվել են տարբեր չափերի կեղծ վարկեր, անձնական հաշիվներից հափշտակվել են գումարներ և արձանագրվել են այլ նմանատիպ դեպքեր։

Վերջին շրջանում տուժած քաղաքացիները դժգոհել են, որ թեև նախաձեռնվել են քրեական վարույթներ և հաստատվել է, որ իրենք դարձել են զեղծարարության զոհ, բանկերը շարունակում են պահանջել կատարել պարտավորությունները և մարել իրենց անունով ձևակերպված վարկերը։ Արդեն արձանագրվել են դեպքեր, երբ բանկերը սկսել են քաղաքացիների շարժական և անշարժ գույքի բռնագանձման գործընթաց, իսկ որոշ տներ հանվել են աճուրդի։ Քաղաքացիները դժգոհություն են հայտնել նաև քննչական մարմինների աշխատանքից՝ նշելով, որ իրականացվող գործողությունները դանդաղ են ընթանում և բավարար արդյունավետություն չեն ապահովում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---