ԱԺ-ում քննարկվել է ընտրակաշառք տալու, ստանալու և դրան միջնորդելու համար պատիժը խստացնող նախագիծը

ԱԺ-ում քննարկվել է ընտրակաշառք տալու, ստանալու և դրան միջնորդելու համար պատիժը խստացնող նախագիծը

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ընտրակաշառք տալու, ստանալու և դրան միջնորդելու համար պատիժը խստացնող նախագիծը: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից օրենսդրական փաթեթ հեղինակել են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալխաս Ղազարյանը և Թագուհի Ղազարյանը:

Հիմնական զեկուցող Վահագն Ալեքսանյանը հայտնել է, որ նախագծով առաջարկվել է սահմանել խիստ մասնագիտական սահմանափակումներ նման հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ, հայտնում է 1lurer.am-ը:

Զեկուցողի խոսքով՝ ընտրակաշառքը շարունակում է մնալ ժողովրդավարական համակարգի գլխավոր սպառնալիքներից մեկը, քանի որ այն խաթարել է քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և նվազեցրել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը։

Նախագծով նախատեսվում է էապես խստացնել Քրեական օրենսգրքի 218-րդ և 221-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար սահմանված պատիժները՝ ստեղծելով հանցագործությունների կանխարգելման լրացուցիչ մեխանիզմներ։ Միաժամանակ առաջարկվել է, որ ընտրակաշառքի համար դատապարտված անձինք զրկվեն պետական և համայնքային ծառայությունում, ինչպես նաև վարչական կամ հայեցողական պաշտոններում աշխատելու իրավունքից։ Այդ սահմանափակումը գործելու է անկախ այն հանգամանքից, թե դատվածությունը մարվել կամ հանվել է, թե ոչ։

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ պետական և համայնքային պաշտոն զբաղեցնող անձինք իրականացնում են հանրային իշխանության գործառույթներ, ուստի նրանց նկատմամբ պետք է կիրառվեն բարեվարքության, ազնվության և հանրային վստահության բարձր չափանիշներ։ Նշվել է նաև, որ առաջարկվող սահմանափակումները նպատակ ունեն պաշտպանել հանրային ծառայության հեղինակությունը և ամրապնդել կառավարման համակարգի նկատմամբ հանրության վստահությունը։ Փոփոխությունները միտված են բացառելու կոռուպցիոն այն մեխանիզմները, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը կարևորել է օրենսդրական փաթեթի ընդունումը և կոչ արել գործընկերներին դրական եզրակացություն տալ նախաձեռնությանը։

Կառավարության դրական դիրքորոշումն ու առաջարկները ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։

Կառավարության առաջարկներով լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։

 Ուշագրավ
---