Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ոստիկանության![]() 2 հուլիսի 2026 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Վարչական դատարանը հուլիսի 1-ին, դատավոր Վարազդատ Միքաելյանի նախագահությամբ, բավարարել է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։ Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։ Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր Աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար։ Վճռի կարևորագույն իրավական հետևությունն այն է, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, սակայն դրա բոլոր հատվածները չունեն նույն իրավական կարգավիճակը։ Խորանը, Ատյանը և Ավանդատունը բացառապես եկեղեցական ծառայության համար նախատեսված տարածքներ են»,-ասվում է գրառման մեջ: Դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է ՀԱԵ բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, իսկ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքից բխում է, որ եկեղեցին, օրենքով սահմանված շրջանակում, ինքնուրույն կազմակերպում է իր ներքին կյանքը և իրականացնում իր կանոնական լիազորությունները։ «Ըստ վարչական դատարանի՝ նշված իրավակարգավորումներից հետևում է, որ եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև եկեղեցու պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավասու մարմիններին: Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը»,-նշել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |