Փաշինյանը բացառել է 2013-ի սցենարի կրկնությունը՝ ԵՄ հետ մերձեցումից չեն հրաժարվի

Փաշինյանը բացառել է 2013-ի սցենարի կրկնությունը՝ ԵՄ հետ մերձեցումից չեն հրաժարվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է 2013-ի իրավիճակի կրկնությունը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից և ընտրել ԵԱՏՄ ուղղությունը։ Այդ մասին նա հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Վարչապետի գնահատմամբ՝ նման զարգացումն այսօր անհնար է, քանի որ Հայաստանի ժողովուրդը հստակ աջակցել է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը, հայտնում է Factor.am-ը:

«Մյուս կողմից, մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակում և, բնականաբար, չենք արհամարհում մեր ոչ մի միջազգային գործընկերոջ շահերը։ Սակայն որևէ այլ գործընկերոջ շահ չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերն են, և սա տրամաբանական է ցանկացած երկրի համար,- ասել է վարչապետը։

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե ինչ է քննարկել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ նախորդ օրվա հեռախոսազրույցի ընթացքում, արդյոք զրույցի ժամանակ անդրադարձ կատարվել է Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, ինչպես նաև՝ ում նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, ապա այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Քննարկված հարցերի շրջանակը ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- ասել է վարչապետը։

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

 Ուշագրավ
---