Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով հուլիսի 2-ին բավարարել է դատախազի ներկայացրած միջնորդությունները։ Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Radar Armenia-ն:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ նախկինում կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը դառնալու է պետության եկամուտ։

Արտյոմ և Արամ Խաչատրյաններն այս պահին Հայաստանում չեն։ Դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ նրանք առողջական խնդիրների պատճառով չեն կարողացել ներկայանալ դատական նիստին, գրում է Sputnik Արմենիան:

Նա ընդգծել է, որ 2 տարի դատական նիստեր են ընթացել, ու մեկ անգամ չի եղել դեպք, որ Արտյոմ և Արամ Խաչատրյանները չներկայանան դատարան, կամ նրանց պատճառով նիստը հետաձգվի։ Փաստաբանը հավելեց` գրավի կիրառման պայմաններում թույլատրված է եղել միջանկյալ հատվածներում բացակայել հանրապետությունից։ Արտյոմ Խաչատրյանը բիզնես գործունեությամբ պայմանավորված բազմաթիվ անգամներ մեկնել է, ապա վերադարձել, պաշտպանական կողմն էլ դատարանին նախապես տեղեկացրել է այդ մասին։

Նա նշել է, որ դատական ակտը դեռ չեն ստացել, բայց ստանալուն պես կալանքի որոշումն անպայման կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։ Փաստաբանի խոսքով` տեղի ունեցածն արդարադատության և օրենքի հետ որևէ աղերս չունի։

 Ուշագրավ
---