Իսկանդարյան․ 2 տարում ընդամենը 15,000 արցախցի է օգտվել բնակապահովման ծրագրից![]() 3 հուլիսի 2026 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Երկու տարում ընդամենը 15,000 արցախցի է օգտվել բնակապահովման ծրագրից, հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով ծրագրից օգտված արցախցիների թվին, հայտնում է «Փաստինֆոն»: «Սա վկայում է, որ ծրագիրը բոլոր ընտանիքների համար հավասարապես հասանելի չէ։ Մենք բազմաթիվ հանդիպումների ընթացքում լսել ենք մարդկանց մտահոգությունները։ Շատերի համար հիմնական խոչընդոտներն են սեփական մասնակցության ֆինանսական բեռը, վարկավորման հնարավորությունների սահմանափակ լինելը, անշարժ գույքի գների աճը և այլն։ Արդյունքում՝ նույնիսկ այն ընտանիքները, որոնք ցանկանում են օգտվել ծրագրից, հաճախ գործնականում չեն կարողանում դա իրականացնել»,- ասել է նա։ Պետնախարարը շեշտել է, որ եթե երկու տարվա ընթացքում շահառուների զգալի մասը չի կարողացել լուծել իր բնակարանային խնդիրը, ապա պետությունը պետք է ուսումնասիրի այդ իրավիճակի պատճառները և վերանայի ծրագրի պայմանները։ «Այնպես պետք է արվի, որ յուրաքանչյուր բռնի տեղահանված արցախցի ընտանիք ունենա իր բնակարանային խնդիրը լուծելու իրական հնարավորություն։ Բնակապահովման ծրագիրը պետք է հիմնված լինի մարդու իրական կարիքների և ընտանիքի սոցիալական վիճակի վրա»,- հավելել է նա։ Իսկանդարյանը նաև ընդգծել է, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո արդեն գրեթե երեք տարի է անցել, սակայն բազմաթիվ արցախցիների համար ապագայի նկատմամբ անորոշությունը դեռևս չի հաղթահարվել։ «Մեր ամենօրյա շփումները ցույց են տալիս, որ մարդկանց մտահոգությունները շարունակում են մնալ նույնը։ Շատ արցախցիներ մեծ ուշադրությամբ հետևում էին նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ակնկալելով, որ դրանց արդյունքները կարող են ազդեցություն ունենալ իրենց խնդիրների լուծման վրա, քանի որ այսօր նրանց կյանքի բազմաթիվ հարցեր կախված է ՀՀ-ում իրականացվող պետական քաղաքականությունից։ Ընտրությունների նման ելքից հետո, ցավոք, արտագաղթի միտումներ են նկատվում։ Երբ մարդը երկար ժամանակ ապրում է անորոշության պայմաններում և չի տեսնում իր ու իր ընտանիքի համար կայուն հեռանկար, բնական է, որ սկսում է այլ հնարավորություններ փնտրել։ Եթե մարդիկ տեսնեն, որ պետությունն ունի հստակ, արդար և երկարաժամկետ քաղաքականություն արցախցիների նկատմամբ, ապա շատերն իրենց ապագան կշարունակեն կառուցել Հայաստանում։ Դա պետք է լինի մեր բոլորի ընդհանուր նպատակը»,- մանրամասնել է պետնախարարը։ Անդրադառնալով «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի գործի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով ձևավորվող հանձնաժողովին՝ Իսկանդարյանը նշել է, որ այս պահին այն գտնվում է ձևավորման փուլում։ «Հանձնաժողովի ձևավորումից և աշխատանքների մեկնարկից հետո մենք կներկայացնենք ինչպես ընթացքը, այնպես էլ արդյունքները»,- շեշտել է նա։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |