Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարացվել է

Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարացվել է

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվել է 1 ամսով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը մասնակիորեն բավարարել է քննչական մարմնի ներկայացրած միջնորդությունը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Կատարված վարույթային գործողությունների շատ քիչ մասն է առնչվել Արմեն Աշոտյանին: Դատական ակտը կստանանք ու կբողոքարկենք Վերաքննիչ դատարանում: Ամեն անգամ դատարան մտնելիս որոշակի հույսեր ունենում ենք, քանի որ գործը բացարձակ հիմնազուրկ է: Մեկ ամսով կալանավորեցին, երևի քննչական մարմինը պետք է շատ ավելի արագ ու ջանասիրաբար գործի»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա ընդգծել է, որ դատական որոշումը դեռևս չեն ստացել։

Աշոտյանը կալանավորվել է հունիսի 5-ին։

Հունիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ է կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ ՔԿ-ից հայտնել են միայն այդ 7 անձանց անվան սկզբնատառերը՝ նշելով, որ վարույթը վերաբերում է մոտ 200 մլն արժեք ունեցող գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և փողերի լվացմանը։

Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, մյուս անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքը և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել է ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։

Մասնավորապես, ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով, առանձնապես խոշոր չափերի, 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մասը համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է Գագիկ Խաչատրյանի և նրա որդու սեփականության ֆոնդ։

 Ուշագրավ
---