Փաստաբանական խումբ․ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի նկատմամբ հետապնդումները շարունակվում են

Փաստաբանական խումբ․ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի նկատմամբ հետապնդումները շարունակվում են

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի փաստաբանական խումբը մտահոգություն է հայտնում մտահոգություն է հայտնում Խաչատրյանների ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող «քաղաքական նպատակներով հետապնդումների մասին, որոնք նոր թափ են ստացել ՀՀ ԱԺ հերթական ընտրություններից ընդամենը 2 օր առաջ և շարունակվում են առ այսօր»։

Հայտարարության համաձայն՝ Գագիկ Խաչատրյանի կալանավորումն անհնարին համարելուց հետո քննչական և դատախազական մարմինները նախաձեռնել են նրա որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գործընթացը։

Հուլիսի 2-ի երեկոյան դատախազի միջնորդության հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործով կալանավորման որոշումներ են կայացվել Արտյոմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ նրանք մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ չեն ներկայացել դատական նիստերին։

Հայտարարության հեղինակները նշել են, որ դատարանին ներկայացվել են բժշկական փաստաթղթեր, որոնք, իրենց պնդմամբ, վկայում են, որ նրանք ժամանակավորապես չեն կարող վերադառնալ Հայաստան։ Ըստ այդ փաստաթղթերի՝ նրանք արտերկրում կարճատև բուժում են ստացել, նրանց համար արգելվել է թռիչքը, և միայն բուժումն ավարտելուց հետո կարող են ներկայանալ։

Փաստաբանական խումբը նաև ընդգծել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնական նպատակը Արտյոմ և Արամ Խաչատրյանների ներկայությունը դատական նիստերին ապահովելն է, որպեսզի նիստերը չհետաձգվեն։

Նշված հանգամանքից ելնելով՝ պաշտպանական կողմը միջնորդել է դատական նիստը հետաձգել ընդամենը հինգ օրով, որպեսզի 06․07․2026-ին ուժի մեջ մտնեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված նոր փոփոխությունները, և փաստաբանական խումբը հնարավորություն ստանա միջնորդել նիստն անցկացնել առանց Արտյոմ և Արամ Խաչատրյանների մասնակցության։ Հայտարարության համաձայն՝ այդ փոփոխությամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հնարավորություն է տրվում դատարանին միջնորդել դատական նիստն անցկացնել իրենց բացակայությամբ։

Փաստաբանների գնահատմամբ՝ եթե 07․07․2026-ին Արտյոմ և Արամ Խաչատրյանները դիմում ներկայացնեին դատարան՝ ցանկություն հայտնելով, որ նիստերը կայանան իրենց բացակայությամբ, ապա դատական նիստերի բնականոն ընթացքը կապահովվեր։ Սակայն, ըստ հայտարարության, դատարանը մերժել է նիստի հետաձգման միջնորդությունը և համարել, որ ներկայացված բժշկական փաստաթղթերը չեն հիմնավորել նրանց բացակայության հարգելի լինելը, ինչից հետո նույն օրը կայացրել է կալանավորման որոշումները։

Փաստաբանական խումբը շեշտել է, որ կալանքի որոշումների պայմաններում դատական նիստերը երկար ժամանակ չեն կարող անցկացվել, և, իրենց գնահատմամբ, այդ որոշումները ոչ միայն չեն բխում արդարադատության շահերից, այլև հակասում են դրանց՝ խաթարելով դատավարության բնականոն ընթացքը։

«Հայտնում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից քրեական գործերի քողի տակ իրականացվող քաղաքական հետապնդումների դեմ իրավական գործիքակազմով պայքարը շարունակվելու է ոչ միայն ՀՀ դատարաններում, այլև միջազգային ատյաններում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ իրավապահ մարմինները տեղեկացված են եղել, որ Արտյոմ Խաչատրյանը դեռևս 2026 թվականի մայիսի 30-ից գործնական գործունեությամբ պայմանավորված օրինական կարգով գտնվել է արտերկրում, որտեղ առողջական խնդիրների պատճառով կարճաժամկետ բուժում է ստացել, ինչի վերաբերյալ, ըստ փաստաբանների, գրավոր տեղեկացվել է, սակայն, այնուամենայնիվ, ներկայացվել է կալանքի միջնորդություն։

Փաստաբանական խումբը պնդել է, որ դատախազության միջնորդություններն Արտյոմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ եղել են ակնհայտ ապօրինի և անհիմն, իսկ դատարանի որոշումը, իրենց գնահատմամբ, հակաիրավական է և չի բխում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության շահերից։

Հայտարարության հեղինակները նշել են, որ այս իրավական գործընթացի քաղաքական նպատակների մասին, իրենց կարծիքով, վկայում է նաև Հայաստանի վարչապետի հրապարակային քաղաքական հռետորաբանությունը։

«Ինչպես գիտենք, քարոզարշավի ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից խոսվում էր այն մասին, որ նախկին իշխանության բազմաթիվ պաշտոնյաներ պետք է կալանավորվեն, նրանց գույքերը պետք է բռնագրավվեն և այլն։

Այդ ընթացքում շրջանառվում էր նաև Գագիկ Խաչատրյանի անունը և գործող իշխանության պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով զարմանք էին հայտնում, թե ինչու մինչև հիմա Գագիկ Խաչատրյանը կալանավորված չէ։

Այս ամենից անմիջապես հետո սկսեցին քննչական մարմինների, դատախազության և ԱԱԾ աշխատակիցների ապօրինի գործողությունները՝ ընտրություններից ընդամենը 2 օր առաջ՝ 05․06․2026թ․-ին ՀՀ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները քննիչի հետ միասին ներխուժեցին Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների բնակարան, հայտնեցին, որ պետք է ձերբակալեն նրանց մի այնպիսի արարքի համար, որը տեղի է ունեցել դեռևս 2010 թվականին, որի վերաբերյալ դեռևս 2019 թվականին մանրամասն քննություն էր իրականացվել և պարզվել էր, որ որևէ հանցագործություն չկա։

Իսկ ընտրություններից ընդամենը 2 օր առաջ նույն արարքն, ամբողջությամբ նախկինում ձեռք բերված նույն ապացույցների հիման վրա, հանկարծ ինչ-որ հրաշքով դարձավ հանցագործություն, որի համար էլ որոշումներ կայացվեին Գագիկ և Արտյոմ Խաչատրյաններին ձերբակալելու մասին։

Ընդ որում, ո՛չ Գագիկ Խաչատրյանը և ո՛չ էլ Արտյոմ Խաչատրյանն այդ գործով ո՛չ նախկինում և ո՛չ էլ ներկայումս գոնե 1 անգամ հարցաքննության չեն կանչվել։

Վստահ ենք, որ բոլորին էլ ակնհայտ է, թե ինչու Չհանցագործությունը հանկարծ վերածվեց հանցագործության։ Ապօրինությունների և քաղաքական հետապնդման ապացույցներն առավել քան շատ են ու ակնհայտ»,-ասվում է փաստաբանական խմբի հայտարարության մեջ:

Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով հուլիսի 2-ին բավարարել է դատախազի ներկայացրած միջնորդությունները։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ նախկինում կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը դառնալու է պետության եկամուտ։

 Ուշագրավ
---