Թևանյանը դատի է տվել Սիմոնյանին՝ պահանջում է հերքում և 9 մլն դրամ փոխհատուցում

Թևանյանը դատի է տվել Սիմոնյանին՝ պահանջում է հերքում և 9 մլն դրամ փոխհատուցում

PanARMENIAN.Net - Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին տարածված՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները և զրպարտության համար վճարել ավելի քան 9 մլն դրամ։

Թևանյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Սիմոնյանին դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքում տարածել իր հասցեին հնչեցրած «լրտես» արտահայտության համար, հայտնում է Sputnik Արմենիան:

«Հերքումը պահանջվում է հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով, Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջով, «Առաջին լրատվական ալիք» կայքէջով և «Լուրեր» YouTube ալիքով՝ «Լուրեր»-ի գլխավոր թողարկման ընթացքում՝ գրավոր և բանավոր տեսագրության ձևով՝ չզիջելով հրապարակված տեղեկատվությանը՝ հրապարակման ժամանակի, ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով»,–նշված է հայցադիմումի մեջ։

Հայցի համաձայն՝ հերքման տեքստում Ալեն Սիմոնյանը պետք է հայտարարի, որ 2026 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած «Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ» նախընտրական բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «լրտես» լինելու վերաբերյալ իր հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և սուտ են։ Նույն տեքստով Սիմոնյանը պետք է նաև ներողություն խնդրի Թևանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար։

Հայցադիմումով Թևանյանը պահանջել է Ալեն Սիմոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 6,000,000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել 3,000,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում։ Պահանջում նշվել է, որ Սիմոնյանը պետք է վճարի նաև հայցվորի կատարած և կատարվելիք դատական ծախսերը, այդ թվում՝ 310,000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

 Ուշագրավ
---