Արարատի զբոսայգուց ևս մեկ հողատարածք վերադարձվել է համայնքին

Արարատի զբոսայգուց ևս մեկ հողատարածք վերադարձվել է համայնքին

PanARMENIAN.Net - Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա. Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 0.0591 հա մակերեսով հողամասը 2008 թվականի ապրիլի 2-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացրել է ֆիզիկական անձի։ Վերջինս կառուցապատման իրավունքը նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցել է մեկ այլ ֆիզիկական անձի։

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի ապրիլի 2-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Դատախազի միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հունիսի 29-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 0.0591 հա մակերեսով, 1 միլիոն 109 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Արդյունքում հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։

Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։

2026 թվականի հունիսի 18-ին դատախազական ներգործության արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել էր Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով, 2 միլիոն 403 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։

 Ուշագրավ
---