Ավինյան. Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է

Ավինյան. Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է

PanARMENIAN.Net - Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադարձել է մայրաքաղաքում երթևեկության կառավարման խնդիրներին:

Նա նշել է, որ դրանք պայմանավորված են մարդատար ավտոմեքենաների թվի աճով, որը պետք է կառավարել, որի համար պետք են նոր լուծումներ, հայտնում է Radar Armenia-ն:

«Այո՛, արհեստական բանականությամբ լուսացույցերի ներդրումը մեր ծրագրում է, այո՛, հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը, երեք հիմնական գիծը, մեր առաջնահերթությունն է լինելու։

Ես լսել եմ տարատեսակ մեկնաբանություններ՝ մինչև իսկ մարդատար մեքենաների հետ կապված պոտենցիալ սահմանափակումներ, մարդկանց ազատության սահմանափակումներ։ Բայց դրանք, նուրբ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Որովհետև, եթե մենք որոշակի նոր կանոնակարգեր ու կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով ահագնացող մեքենաների քանակը, որ առանց որևէ սահմանափակման մտնում են քաղաք ու փոքր կենտրոն, իրականում բերում է մի իրավիճակի, երբ որևէ մեկը մեքենայով բակից դուրս գալուց հետո չի կարող առաջ շարժվել։

Այն տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն իսկ գործողություններ է պահանջում։ Բայց այդ գործողությունները պետք է լինեն տրամաբանական՝ այն ժամանակ, երբ ստեղծվում է հստակ այլընտրանք, երբ մարդը հասկանում ու իր աչքով տեսնում է, որ Երևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մարդատար մեքենայով տեղաշարժվելը։ Երբ մարդը տեսնում է, որ քաղաքի մուտքերի մոտ ունենք հարմարավետ ավտոկայանատեղիներ ու ունենք հանրային տրանսպորտ, որն իրեն հասցնում է էականորեն ավելի արագ, քան մնացած մարդատար մեքենաները»,-ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---