Երևանում քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները

Երևանում քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի համանախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է Հայաստան–Եվրոպական միության արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 15-րդ նիստը։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները՝ գնահատելով արձանագրված առաջընթացը և նախանշելով հետագա համագործակցության առաջնահերթությունները։

Մասնավորապես, ներկայացվել են դատական, իրավական և սահմանադրական բարեփոխումների ընթացքը, դատական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և միջազգային հանձնառությունների կատարման շրջանակում գրանցված առաջընթացը։ Առանձին անդրադարձ է կատարվել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցման, անկախ վերահսկող մարմնի ստեղծման և տվյալների պաշտպանության իրավական շրջանակի կատարելագործման համատեքստում։

Քննարկվել է նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման ընթացքը։ Ներկայացվել են փաստաթղթերի անվտանգության, միգրացիայի և սահմանների կառավարման, հիմնարար իրավունքների պաշտպանության և Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ենթակոմիտեն գործում է 2009 թվականից, իսկ դրա նիստերը պարբերաբար անցկացվում են Երևանում և Բրյուսելում։

 Ուշագրավ
---