Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Թալինի լիմոնադի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Թալինի լիմոնադի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մուշեղ Գալստյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները։

Մասնավորապես, արտադրական շինությունների հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առաստաղներն ու արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը, իսկ արտադրական շինությունների դռները եղել են անհարթ և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Բացի այդ, սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջներին համապատասխանող նյութերից և չեն պահպանվել նորոգ վիճակում։ Ստուգմամբ նաև արձանագրվել է, որ չեն իրականացվել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, ինչպես նաև միջատազերծման և կրծողների ոչնչացման աշխատանքները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---