Ըստ ՔԿ-ի՝ Ծառուկյանը 2022–2024 թթ․ կազմակերպել և ղեկավարել է գործող հանցավոր խումբ

Ըստ ՔԿ-ի՝ Ծառուկյանը 2022–2024 թթ․  կազմակերպել և ղեկավարել է գործող հանցավոր խումբ

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի (Գագիկ Ծառուկյանի՝ խմբ․) կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Նշվում է, որ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով, հանցավոր խմբի մյուս անդամի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

Ըստ քրեական վարույթում առկա տվյալների, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։ Այնուհետև, Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ ԻԻՀ-ում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և Հայաստանի Հանրապետություն են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը։

Նշվում է, որ հանցավոր խմբի անդամները նպատակ ունենալով օրինականացնել վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գույքերը՝ դրանց հանցավոր ծագումը քողարկելու նպատակով, ապրանքների հափշտակությունից հետո ՀՀ ներմուծման փաստաթղթերը կեղծելու, դրանց մի մասը նաև կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների և մյուս ապրանքների հանցավոր ծագումը, փոխակերպել և վաճառքից առաջացած գումարները միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք:

Բացի այդ, Գ.Ծ.-ն հանդիսանալով ՀՀ-ում պետական գրանցում ստացած ՍՊ ընկերության իրական շահառու, վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող Ռ.Կ.-ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության, կազմակերպել և ղեկավարել է վերջինիս կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Յ.Ի.-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումարի հափշտակությունը, որի արդյունքում առաջացած գումարները միախառնել է իր ղեկավարած ՍՊ ընկերության օրինական շրջանառությանը, այդպիսով քողարկելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք:

Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Գ.Ծ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը), հանցավոր խմբի անդամներից մեկի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանցավոր խմբի մյուս անդամի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Առանձնապես խոշոր չափերով խարադախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձանապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ գլխավոր վարչությունում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների նախաքննության շրջանակում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում՝ հափշտակված տրանսպորատային միջոցները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Ծառուկյանի ընդունելությունների տանը խուզարկության ընթացքում քնեցվել և կենդանաբանական այգի են տեղափոխվել այնտեղ պահվող կենդանիները։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը:

Հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի՝ Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, և հենց այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Հունիսի 25-ին հայտնի է դարձել, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննարկվի հուլիսի 4-ից հետո։

 Ուշագրավ
---