Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի իջևանած հյուրանոցի մոտակայքում

Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի իջևանած հյուրանոցի մոտակայքում

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ի առավոտյան պայթյուններ են որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում, այն հյուրանոցից ոչ հեռու, որտեղ իջևանել են պաշտոնական այցով Սիրիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները։

Պայթյունները տեղի են ունեցել այն պահին, երբ Մակրոնը մուտք է գործել նախագահական պալատ՝ բանակցություններ վարելու ալ-Շարաայի հետ։ Սիրիայի իշխանությունները միջադեպից անմիջապես հետո պաշտոնական մեկնաբանություն չեն ներկայացրել, գրում է France24-ը:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Մակրոնն անվտանգ է, իսկ հանդիպումը շարունակվել է ըստ նախատեսվածի։ Նա առաջին արևմտյան առաջնորդն է, որն այցելել է Սիրիա ալ-Շարաայի իշխանության գալուց հետո։ Այցից հետո Մակրոնը նախատեսում է մեկնել Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Մակրոնը կարևոր դեր է ունեցել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մեծ մասի վերացման գործընթացը խթանելու հարցում։ Նա երկիր է ժամանել հուլիսի 6-ի երեկոյան տնտեսական պատվիրակության ուղեկցությամբ և նախատեսում է իր սիրիացի գործընկերոջ հետ ստորագրել փոխըմբռնման մի շարք հուշագրեր՝ աջակցելու պատերազմից ծանր վնասներ կրած երկրի վերականգնմանն ու ներդրումների ներգրավմանը։

Սիրիայի պետական հեռուստատեսությունը, հղում կատարելով անվտանգության ոլորտի անանուն ներկայացուցչի, հայտնել է, որ մայրաքաղաքի կենտրոնում գրանցված երկու պայթյունները տեղի են ունեցել պայթուցիկ սարքերի գործարկման հետևանքով։ Դրանցից մեկը տեղադրված է եղել աղբարկղում, իսկ մյուսը՝ կայանված ավտոմեքենայում։ Ըստ նույն աղբյուրի՝ վիրավորվել է 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան, իսկ զոհերի մասին տվյալներ սկզբնական փուլում չեն հաղորդվել։ Դեպքի վայրում քննություն է իրականացվում։

Պայթյունների վայրից բարձրացած ծխի մեծ սյունը տեսանելի է եղել քաղաքի տարբեր հատվածներից։ Տարածքը գտնվում է Դամասկոսի մարդաշատ փողոցներից մեկում՝ զբոսաշրջության նախարարության և Դամասկոսի ազգային թանգարանի հարևանությամբ։

Սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութերում երևացել են այրվող միկրոավտոբուս և մոտոցիկլետ, ինչպես նաև փողոցում նկատվող արյան հետքեր։ Որևէ կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից ընդամենը մի քանի օր անց, երբ Դամասկոսում Արդարադատության պալատի մոտ գտնվող սրճարանում պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով զոհվել էր առնվազն 10 մարդ, իսկ ավելի քան 20-ը վիրավորվել էին։ Այս պայթյունները լուրջ հարված են համարվում ալ-Շարաայի իշխանություններին, որը 2024 թվականին գլխավորել է ապստամբությունը և հեռացրել Բաշար ալ-Ասադին իշխանությունից։

Այդ ժամանակից ի վեր նա ձգտում է ամբողջությամբ վերահսկել երկիրը, ապահովել կայունություն պատերազմից տուժած Սիրիայում, վստահություն ձևավորել իր իսլամիստական իշխանության նկատմամբ կասկածանքով վերաբերվող փոքրամասնությունների շրջանում և ստանալ արևմտյան պետությունների աջակցությունը, որոնք նախկինում վերապահումով են վերաբերվել նրա ղեկավարած՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման անցյալին։ Նոր կառավարությունը խոստացել է իրականացնել քաղաքական և տնտեսական բարեփոխումներ՝ տասնամյակներ շարունակված ավտորիտար կառավարման ավարտից հետո։

Թեև Սիրիայի նոր իշխանությունները շարունակում են բախվել երկրի տարբեր հատվածներում գործող խմբավորումների մասնակցությամբ բռնություններին, մայրաքաղաք Դամասկոսը վերջին շրջանի անկայունության ընթացքում հիմնականում պահպանել է հարաբերական խաղաղությունը։

Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է գրեթե կես միլիոն մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ դարձել են տեղահանված։ Երկրի ենթակառուցվածքները շարունակում են մնալ ավերված, և թեև մի շարք պետություններ ու ընկերություններ արդեն հայտարարել են խոշոր ներդրումների մասին, Սիրիան դեռևս միլիարդավոր դոլարների կարիք ունի վերականգնման և աղքատության հաղթահարման համար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---