Աբովյան․ Ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում

Աբովյան․ Ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններն ու «նրա ձերբակալությունն աննորմալություն են», հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը: Նա այս մասին ասել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ընթանում է Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցի քննությունը։

Նա նշել է, որ, ըստ էության, ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում, գրում է Sputnik Արմենիան:

«Ամեն ինչ լավ է լինելու: Չեմ կասկածում, որ ադրբեջանամետ, թրքահաճո, հակահայկական այս մղձավանջը կավարտվի: Հուսամ, որ դատարանը կպաշտպանի օրենքի գերակայությունը»,- նշել է Աբովյանը։

Անդրադառնալով Քննչական կոմիտեում «Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու» դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին, որի շրջանակում Ծառուկյանի տնից կենդանիներին քնեցված վիճակում տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի, ԲՀԿ ներկայացուցիչը դա բնութագրել է որպես ապուշություն և ընդգծել, որ «իրավական դաշտում իրականացվող ամբողջ գործընթացը հասցվել է շատ ցածր մակարդակի»։

Հուլիսի 6-ի առավոտյան հայտնի դարձավ, որ դիմակավորված հատուկջոկատայինները մուտք են գործել Ծառուկյանի առանձնատուն։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քննչական գործողություններ են իրականացվել նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։

Մեկ այլ քրեական վարույթ էլ նախաձեռնվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ։ Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։

 Ուշագրավ
---