Կարապետյան․ Փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական

Կարապետյան․ Փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական

PanARMENIAN.Net - Իշխանափոխություն անպայման լինելու է, բայց դրան պետք է հասնել աստիճանաբար, քայլ առ քայլ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ և վերջնական»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը, գրում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ այս փուլում փողոցային պայքարը երկիրը կարող էր տանել ցնցումների, ինչի պատճառով որոշել են վերցնել Ազգային ժողովի պատգամավորական մանդատները և շարժվել օրինական ճանապարհով։

Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի` ընտրողների կողմից ևս ազդակ են ստացել այս որոշումը կայացնելուց առաջ, բայց կարևոր դերակատարում ունեցավ այն հաշվարկը, որ սա ամենակարճ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։

Սամվել Կարապետյանը վստահ է, որ իրենց որոշումը որևէ կերպ չի նշանակում, թե լեգիտիմացնում են գործող իշխանությանը։

Նա նաև հայտնել է, որ պատրաստվում են խորհրդակցել մյուս ընդդիմադիր ուժերի հետ և համատեղ դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները վերացնելու հարցով։

Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ:

 Ուշագրավ
---